Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Երեւանում շարունակվող ընդդիմադիր շարժմանը:

«Ես իմ ժողովրդի զավակն եմ եւ հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանք ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ եւ կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն եւ խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ, իմ հայ ազգ»,- ֆեյսբուքյան էջում հայատառ ու անգլերեն գրել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ոստիկանությանը կոչ էր արել դադարեցնել բռնությունը, իսկ Հայաստանի առաջատար շախմատիստները, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը, հայտարարություն էին տարածել՝ իրենց աջակցությունը հայտնելով վարչապետ Սերժ Սարգսյանին։ Երեւանում շարունակվող ընդդիմադիր շարժմանն անդրադարձել էր նաեւ Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը՝ նշելով, որ հոգով ու սրտով հայ ժողովրդի հետ է: