Այսօր ժամը 15։00-ին Հանրապետության հրապարակից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Facebook-ի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշել է հետեւյալը.

«Բարի լույս, սիրելի հայրենակիցներ, այսօր ապրիլի 24 է, եւ մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Ուզում եմ հիշեցնել, որ ժամը 15։00-ին Հանրապետության հրապարակից քայլերթով գնում ենք դեպի Ծիծեռնակաբերդ: Եթե արտառոց ոչինչ չպատահի, այսօր մեր միջոցառումների շրջանակը սրանով կավարտվի:

Վաղը, տեղյակ եք, որ պիտի տեղի ունենա իշխանությունների հետ բանակցությունների երկրորդ փուլը, եւ այդ բանակցությունները պետք է վերաբերեն իշխանության անցնցում փոխանցմանը:

Եվ վաղը երեկոյան ժամը 7-ին մենք նորից Հանրապետության հրապարակում հանրահավաք կանենք, որպեսզի ձեզ տեղյակ պահեմ, թե ինչ ընթացք են ունենում բանակցությունները եւ ինչ պետք է անեն հռչակված թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը տրամաբանական եւ ամբողջական ավարտին հասցնելու համար:

Այսօր արդեն մենք առիթը կօգտագործենք եւ որոշակի քաղաքական քննարկումներ կունենանք, որպեսզի հստակ արձանագրենք, թե ինչ փուլում ենք գտնվում եւ ինչ կոնկրետ քայլերով պետք է երաշխավորենք ժողովրդի հաղթանակի դե յուրե արձանագրումը»: