Lragir.am- գրում է .

Ապրիլի 25-ին Հայաստանում իրավիճակը արձանագրեց հերթական կտրուկ փոփոխությունը, ցույց տալով, որ ապրիլի 23-ը ոչ թե հանգուցալուծում էր, այլ առաջին փուլի ավարտ եւ ժամանակավոր դադար ապրիլի 24-ի համար:
25-ին սպասվող Փաշինյան-Կարապետյան բանակցությունը տեղի չունեցավ: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրությանը դուրս գալ փողոց եւ վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները, քանի որ ՀՀԿ-ն չի ընդունում հեռանալու ճանապարհային քարտեզն ու օրակարգը, որ ներկայացնում է Փաշինյանն Իմ քայլը շարժման անունից:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է նոր պահանջներ, ինչն անընդունելի է: Կարապետյանը հայտարարեց, թե հասկանալի չէ ինչ ասել է ժողովրդի թեկնածու, ինչպես է դա որոշվում եւ ըստ այդմ մեծամասնությունը չի քվեարկի ընտրության արդյունքից դուրս այլ «թեկնածուի» օգտին:
Ֆորմալ առումով իսկապես առկա է հարց, թե ինչ ասել է ժողովրդի թեկնածու, ինչպես է այն որոշվում: Մյուս կողմից քաղաքական առումով հասկանալի է, որ խոսքը հենց Նիկոլ Փաշինյանի մասին է, եւ Փաշինյանը իր թեկնածությունը վարչապետի՝ դե ֆակտո անցումային վարչապետի պաշտոնում տեսնում է իբրեւ երաշխիք, որ ՀՀԿ-ն այսպես ասած «զադնի չի տա» պայմանավորվածությունից եւ կգնա արտահերթ ընտրության: Բայց, խնդիրն ըստ երեւույթին միայն արտահերթ ընտրությունը չէ, այլ նաեւ այն, թե ինչպիսի կանոններով է այն անցկացվելու, ում կանոններով եւ պայմաններով:
Դատելով Կարեն Կարապետյանի հայտարարությունից, արտահերթ ընտրությունը խոշոր հաշվով ընդունելի է, հարցը պայմաններն են կամ այսպես ասած «շահառու-բաժնետերերը»:
Կարապետյանը կոչ է արել նախագահ Արմեն Սարգսյանին, որ հրավիրի քաղաքական խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի մեծ քննարկում, որտեղ երկխոսություն ծավալվի իրավիճակի հանգուցալուծման, ընդհուպ արտահերթ ընտրության շուրջ:
Այդ հարցը կարծես թե նաեւ աշխարհքաղաքական կենտրոնների հավանությունն արժանացած նվազագույն նշաձող է: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ պետք է ապահովվի իշխանության սահուն անցում Սահմանադրության եւ օրենքի շրջանակում, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն էլ նախօրեին ասել էր, թե Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում կձեւավորվի հասարակության քաղաքական նախընտրությունների պատկերն արտահայտող խորհրդարան:
Արտահերթ ընտրությունը թերեւս անխուսափելի է, խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է այն լինելու, ըստ այդմ ումն է լինելու դրանում հաղթելու շանսը: Որովհետեւ, եթե ընտրությունը լինի իրապես օրինական եւ ազատ, ապա ՀՀԿ-ն չունի որպես մեծամասնություն ոչ միայն վերարտադրության, այլ նույնիսկ խորհրդարան մտնելու շանս: Բայց խնդիրը միայն ՀՀԿ-ն չէ, այլ նաեւ քաղաքական համակարգ կոչվածի մյուս ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան դիմակայության ժամանակ մի կողմ քաշված էին հրապարակից, իսկ այժմ՝ Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան դիմակայությանը այսպես ասած «լցնում» են հրապարակը, միանալով շարժմանը:
Դրա մասին են հայտարարել Ծառուկյան դաշինքը կամ ԲՀԿ-ն, միանում են Լուսավոր Հայաստանը, ավելի վաղ ՕԵԿ-ն էր հայտարարել դրա մասին: Կլինեն թերեւս նոր միացողներ: Ինչպիսի՞ կազմ է հավաքվելու հրապարակում եւ ինչպիսի կազմ է հավաքելու նախագահ Արմեն Սարգսյանը, որքանո՞վ են այդ կազմերը լինելու նույնական, այսինքն ուժեր, որոնք կլինեն թե հրապարակում, թե Արմեն Սարգսյանի մոտ հավաքվելիք «կոնսոլցիումում»:
Այդ գործընթացից կախված է շատ բան՝ Նիկոլ Փաշինյանը կստանա աջակցությու՞ն, թե՞ իրականում աջակցության անվան տակ մյուս քաղաքական ուժերը պարզապես կշրջափակեն նրան, միաժամանակ թողնելով մենակ եւ աստիճանաբար իրավիճակի լիդերից կբերեն ընդամենը մասնակիցներից մեկի կարգավիճակի:
Համենայն դեպս, քաղաքական նոր ուժերի միացումից հետո հրապարակում փոխվում է հանրային շերտերի հարաբերակցության բաղադրիչը, կամ այսպես ասած սկսում են հստակեցվել մինչ այժմ եղած բաղադրիչի ուրվագծերը, ինչը չի կարող չանդրադառնալ Նիկոլի դիրքերի վրա:
Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի միջոցով ձեւավորվում է խորհրդարանական կառավարման մոդելը: Ներկայիս պահը մի կողմից խիստ վտանգավոր է, երբ ճգնաժամը կարող է ուղղակի վերածվել քաոսի: Բայց, մյուս կողմից, ճգնաժամը նաեւ կարող է լինել հնարավորություն՝ գալ նոր եւ որակապես ավելի լավ փոխհամաձայնությունների եւ փոխզիջումների, հանրության սուբյեկտային դերակատարումով, որը կլինի արդեն խորհրդարանական կառավարման մոդելի իրական ներդրում եւ առնվազն հարաբերականորեն ավելի արդյունավետ հեռանկարի ձեւավորում:
Բայց մեկ անխուսափելի նախադրյալով՝ ՀՀԿ-ն պետք է թողնի իշխանությունը, միայն Սերժ Սարգսյանին հանձնելը բավարար չէ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am