«Ոստիկանության ու Ոստիկանության պետի՝ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարություններն ուղղակիորեն նշանակում են, որ նրանք հրաժարվում են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դա տրամաբանական է, որովհետև Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար չէ, և նա չունի որևէ լիազորություն ուժային որևէ կառույցի որևէ հրահանգ տալու. «Ես պատասխանատու ասում եմ՝ ես ինքս ուժային կառույցներին հրահանգ տալու շատ ավելի մեծ հիմքեր ունեմ, քան՝ Կարեն Կարապետյանը: Այնպես որ, ՀՀ բոլոր ոստիկաններին կոչ եմ անում րոպե առաջ և անվերապահորեն միանալ մեր հավաքներին, միանալ ժողովրդին, վայր դնել զենքերը և հայտարարել ՀՀ-ում սկսված խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը»: