Բարեւ, Նիկոլ:

Միանգամից ասեմ` չէի հավատում, որ դու կամ որեւէ մեկը կարող էր հասարակության մեջ տիրող համատարած ընկճվածության պայմաններում անել այն, ինչ դու կարողացար անել: Նույնպես չեմ կարծում, որ որեւէ մեկը կհավատար դրան: Կեցցե´ս, դու հաղթեցիր:

Համընդհանուր արժանապատվության ինքնագիտակցում եւ ժպտացող դեմքեր կան այսօր ամենուր` փողոցում, տանը, սրճարաններում, ինչը տեւական ժամանակ բացակայում էր մեզանում: Համաձայն եմ քեզ հետ` հանրապետությունում տիրող համակարգային կոռուպցիայի, անօրինականությունների հիմքում կեղծված ընտրությունների միջոցով իշխանությանն տեր դառնալն է:

Ցավոք, հենց սկզբից չենք կարողացել պատժել կեղծարարներին, որպեսզի ընտրակեղծարարությամբ իշխանությանը տիրանալը չդառնար ավանդույթ:
Կարծում եմ հիշում ես` 96-ի կեղծված ընտրություններից հետո հրապարակում պայքարող մի խումբ ընդդիմադիր պատգամավորներիս ինչպես ԱԺ-ն զրկեց անձեռնմխելիությունից եւ մահապատժի հոդվածներով ձեռբակալեց: Ձեր բախտը այս առումով բերել է: Եվ` փառք Աստծո… Դու կարողացար ավարտին հասցնել այդ պայքարը:

Հիմա` ըստ էության:

Ինձ թվում է երիտասարդական ավյունդ ու հրապարակի համատարած էյֆորիան այս պահին քեզ ինչ-որ առումով խանգարում է առաջնահերթությունները ճիշտ դասակարգելու հարցում:

Իսկապես, համաժողովրդական այս շարժման արդյունքում գլխավոր նվաճումը պետք է լինի արդար արտահերթ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելը: Եվ դրա համար այս պահին ունենք ռեալ հնարավորություն: Ի՞նչն է խանգարում, որ բանակցային սեղանի շուրջ, առանց վերջնագրերի, մշակել հստակ մեխանիզմներ եւ գալ համաձայնության` Սահմանադրության համաձայն ամենակարճ` երկու ամիս հետո կազմակերպել արտահերթ ընտրություններ:

Կարծում եմ` դուք բանակցությունների ժամանակ կարող եք հասնել նրան, որ բացառիկ եւ հիմնավոր պայմաններ ստեղծվեն ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպելու համար:

Պ. Ղազարյանի հետ հարցազրույցում անհամոզիչ էր փաստարկներդ, թե միայն քո ժամանակավոր վարչապետ դառնալու դեպքում է դա հնարավոր: Առայժմ չի եղել որեւէ բանակցություն, եղել է ընդամենը քո կողմից վերջնագիր` կապիտուլյացիայի պայմաններով:

Հավատա, չեմ կարծում, որ քո` այս պահին վարչապետ դառնալը, ինչին դու անթաքույց ձգտում ես, միակ ճժգրիտ եւ անփոխարինելի տարբերակն է: Հիշիր` անփոխարինելիության զգացումը երբեմն կործանարար է դառնում: Հրապարակն ամբողջությամբ քո խոսքն է լսում, եւ դու երեւի կարող ես հասնել դրան: Բայց դա՞ է այս պահին գլխավորը:

Չեմ կարծում: Դու Պետրոսին ասում ես, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ-ում քո նախաձեռնությունը ժամանակի քաղաքական կոնյուկտուրան էր պահանջում, իշխանություն ունենալու դեպքում այլ մոտեցում է լինելու. Պետրոսն, հակառակ իր սովորության , «չփորփրեց»…Իսկ մյուս դեպքերո՞ւմ: Կամ ո՞րն է քո քաքաղաքական պլատֆորմը եւ, ընդհանրապես, ինչպիսի ծրագիր է իրականացնելու ձեր իշխանությունը:

Հիշո՞ւմ ես` 13 թվին նախագահական ընտրություններից հետո Րաֆֆիից պահանջում էիր անհապաղ հրապարակել ստվերային կառավարության կազմը, որ մարդիկ տեսնեն, թե ովքեր են վաղը լինելու ձեր կառավարությունում,որ վստահեն ձեզԱ. այսօր կամ վաղը կարող ես դառնալ իշխանություն. ո՞րն է քո ստվերային կաբինետը…

Հրապարակով պարտադրում ես ԱԺ-ին քո ցանկությունը. դու անկեղծ կհարգե՞ս այն մարդկանց, ովքեր երեկ ԱԺ-ում քեզ խոսելու հնարավորություն չէին տալիս, այսօր քվեարկեն քո վարչապետ դառնալու օգտին:

Միայն չասես, թե հայրենիքի շահն է այդպես պահանջում: Խնայիր այդ մարդկանց: Վստա´հ եմ` դու այդպես չէիր վարվի…

Այս պահին վարչապետ դառնալու նպատակին հասնելու համար ինքդ քեզ շատ չե՞ս զիջում… Իսկապես հրապարակի էյֆորիան հազարաձայնում է` Նի´-կոլ, վարչապե´տ, Նի´-կոլ, վարչապե´տ, բայց արդյո՞ք դա է այս պահին գլխավորը … Մտածիր…

Չեմ ուզում անդրադառնալ տարածաշրջանում հիմնական խաղացողների ծրագրերին ու հնարավոր անկանխատեսելի զարգացումներին, բայց նաեւ չեմ ուզում, որ քո իսկ կողմից սկսած այս հուսաբեր համաժողովրդական շարժումը հետագայում բարոյական հաղթանակների ցանկը լրացնի՞:

Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԳԽ, ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր
Քաղաքական գիտությունների թեկնածու

Նյութի աղբյուրը ՝ 168.am