«Շարժման գործընթացը «Ելքից» դուրս է, դաշինքի շրջանակում չէ, և Նիկոլ Փաշինյանը գործել է իր և շարժման անունից, բնականաբար՝ ո՛չ «Ելքի»։ Դաշինքում այդ հարցը չի քննարկվել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով հարցին` արդյո՞ք դաշինքում քննարկվել է Նիկոլ Փաշինյանի արտահայտած դիրքորոշումը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված, և արդյո՞ք «Լուսավոր Հայաստանը» համամիտ է դրան։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը երեկ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դաշինքի նախկին հայտարարությունը, որպես ընդդիմություն, միջոց էր պրոբլեմները բարձրաձայնելու, որովհետև ընդդիմությունը հնարավորություն չունի մյուս կողմի՝ իշխանություների հետ պրոբլեմները քննարկել և լուծել։

«ԵԱՏՄ-ի մասին բազմաթիվ պրոբլեմներ կան, որոնք բարձրաձայնում էինք։ Հիմա՝ արդյո՞ք կարող է տարբերվել որպես իշխանություն մեր դիրքորոշումը՝ որպես ընդդիմություն մեր դիրքորոշումից։ Այո՛, մի պարզ պատճառով՝ երբ դու իշխանություն ես, դու հնարավորություն ունես գործընկերների հետ նստել և համբերատար քննարկել այդ հարցերը և հասնել լուծումների»,- ասել է Փաշինյանը։

Գ.Գորգիսյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն վաղուց որպես «Ելքի» անդամ հանդես չի գալիս, այլ հանդես է գալիս՝ որպես շարժման առաջնորդ. «Իրենց մոտեցումներն ունեն։ Դա ուղղակի պետք է ընդունել ի գիտություն»։

«Լուսավոր Հայաստանի» կարծիքը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին, Գ.Գորգիսյանի հավաստմամբ, չի փոխվել։ Նա նշեց, որ Հայաստանը պետք է լինի եվրոպական մոդելի պետություն, որտեղ գործեն ժողովրդավարության բոլոր հիմնարար դրույթները, և ԵԱՏՄ-ն ի սկզբանե հակասել է այդ ամենին, հակասել է Հայաստանի Հանրապետության շահերին. «Մենք ասել ենք և այժմ էլ գտնում ենք, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ճիշտ է»։

Նրա խոսքով՝ «Ելքն» աջակցում է շարժմանը, օրինակ, երբ բերման ենթարկվածներ կային, երբ խորհրդարանում ինչ-որ գործընթացներ կային։ Մեր հարցին, թե վերջին անգամ ե՞րբ են հանդիպել «Ելքի» կուսակցությունների ղեկավարները, Գ.Գորգիսյանը պատասխանեց, որ դաշինքի 2 կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն», ղեկավարներ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանն այսօր էլ մշտապես հանդիպում են, և որևէ խնդիր չկա.

«Բայց Փաշինյանի հետ, ճիշտն ասած, չեմ կարող մտաբերել, թե վերջին հանդիպումը երբ է եղել։ Հավանաբար այն օրն էր, երբ պարոն Փաշինյանը ձեռքը վնասեց»։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՔՊ-ն դուրս գա դաշինքից, Գ.Գորգիսյանը պատասխանեց, որ դեռ քննարկելու շատ հարցեր կան, այժմ այդ հարցին չի կարող անդրադառնալ։

Նյութի աղբյուրը ՝ 168.am