«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքի» պահվածքը վարչապետի ընտրության հարցում դեռ անորոշ է, չնայած Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը տետատետ՝ առանց լրագրողների, 2 անգամ հանդիպել են ու քննարկել ապագա կոալիցիոն կառավարության հարցը, սակայն հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդը հանդիպել է նաեւ Սամվել Կարապետյանի հետ, եւ նրանց միջեւ հին կոնֆլիկտը հարթվել է։
Մեր աղբյուրներն ասում են, որ օրակարգում է նաեւ Ծառուկյանին վարչապետ առաջադրելու հարցը։ «ԾԴ» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դա ներկայացրել է որպես իր առաջարկ։
Ի դեպ, եթե կոալիցիոն կառավարություն կազմվի, ապա այնտեղ կլինի նաեւ «գնացքից» ժամանակին թռած ՀՅԴ-ն, հավանաբար՝ 2 պորտֆելով։ Իսկ «Ծառուկյան դաշինքը»՝ Փաշինյանի օգտին քվեարկելու պարագայում, շատ ավելի մեծ բաժին կստանա»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մոսկվա է մեկնել նաեւ «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Կասկածից վեր է, որ Ծառուկյանի չնախատեսված այցը անմիջական կապ ունի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Հնարավոր է, որ այս այցի արդյունքում ձեւավորվի այն դիրքորոշումը, որը «Ծառուկյան» դաշինքը կարտահայտի մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունների ժամանակ»: