Ապրիլի 25-ին, Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։

Հայաստանի ԱԳՆ-ից  հայտնում են, որ շուրջ 170 հազար բնակիչ ունեցող քաղաքը, այս որոշմամբ, միացավ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչած մոտ 30 իսպանական քաղաքներին։

Հատկանշական է, որ նախաձեռնությունը Ալկորկոնի քաղաքային խորհրդում ներկայացված Իսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներինն էր, որոնց միացան նաեւ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Ընդունված որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այս ինստիտուցիոնալ հայտարարությամբ Ալկորկոնի քաղաքապետարանը ճանաչում է մարդկության դեմ գործված այս հանցագործությունը, որն արժեցավ մեկ ու կես միլիոն հայի կյանք եւ որի արդյունքում երկու միլիոն մարդ լքեց իր բնօրրանը»: Քաղաքային խորհուրդը նաեւ իր աջակցությունն է հայտնում ողջ հայ ժողովրդին եւ կոչ անում Իսպանիայի կենտրոնական իշխանություններին օր առաջ ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը»:

Հարկ է նշել, որ քաղաքապետարանի նիստին ներկա էին նաեւ հայ համայնքի եւ Մադրիդի «Հայ տուն» մշակութային միության ներկայացուցիչներ, որոնց ներկայացրած խնդրագրի հիման վրա էլ ընթացք էր տրվել այս գործընթացին: