«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ ապրիլի 26-ին, հանդիպել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

Այս առնչությամբ, Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ երեկոյան հանդիպում ունեցա ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։

Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը եւ լուծման հնարավոր ուղիները»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Փաշինյանի գլխավորած շարժմանն է միացել ԲՀԿ-ն, իսկ ՀՅԴ-ն դուրս է եկել իշխող կոալիցիայից եւ հետ կանչել իր նախարարներին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրել է հրապարակային հանդիպման «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ