Մեծարգո՛ պարոնայք Գրիգոր Ավալյան և Սուրեն Մանուկյան,

Մենք` Տավուշի մարզի բնակիչներս, դիմում ենք Ձեզ՝ որպես մեր պատգամատարները ՀՀ ազգային ժողովում։ Ստեղծված իրավիճակում, երբ մենք՝ այն ընտրատարածքի քաղաքացիներս, որտեղից Դուք ընտրվել եք պատգամավոր, զրկված ենք ՀՀ վարչապետին անմիջական կամահայտնությամբ ընտրելու հնարավորությունից, գտնում ենք, որ անհրաժեշտություն կա, որ Դուք՝ որպես մեր ընտրատարածքի պատգամավոր, հանդիպեք մեզ հետ և Ձեր հստակ դիրքորոշումը հայտնեք մայիսի մեկին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրությունների հետ կապված։

Մենք, փաստացի հանդիսանալով ձեր գործատուն և պատվիրակողը, հայտնում ենք, որ Հանրապետության իշխանության իրական կրողը՝ ժողովուրդը, ոտքի է կանգնել՝ հստակ դիրքորոշում հայտնելով։ Ձեր մանդատը ձևավորող տարածքի բնակչության հետ հանդիպումից խուսափելը կամ Ձեր դիրքորոշումը գրավոր ու հրապարակավ չհայտնելը հիմք է տալիս, որպեսզի Դուք այս տարածքում ճանաչվեք անցանկալի անձ։ Իմացեք, որ մենք ստիպված կլինենք հրաժարվել մեր կամքը ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելու Ձեր ծառայություններից։

Առաջարկում ենք ամենաուշը ապրիլի 30-ին ձեր նախանշած ողջամիտ տարածքում կազմակերպել բաց, հրապարակային հանդիպում Տավուշի մարզի բնակչության հետ կամ, եթե տարբեր պատճառներով դա հնարավոր չեք համարում, ապա պահանջում ենք հրապարակավ և հասանելի հայտարարել Ձեր կարծիքը։ Ձեր լռությունը մենք կընկալենք որպես արհամարհանք մեր հանդեպ և կգործենք ըստ արժանվույն։