Հայաստանում ծավալված ժողովրդական շարժումը բնականաբար մեծ արձագանք է ստացել Ռուսաստանում: Ռուսական պաշտոնական ու մեդիա-փորձագիտական շրջանակների արձագանքները զուսպ ու նույնիսկ հիացական էին: Կրեմլը մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանի իրադարձությունները երկրի ներքին գործն են, իսկ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնիսկ զգացական գովաբանություններ հղեց հայերին ու Հայաստանին:
Շարժումը չի դնում աշխարհքաղաքական խնդիրներ, եւ այդպիսիք իրականում չկան: Շարժման ղեկավարները բազմիցս հայտարարել են այդ մասին, ավելին, նշվել է, որ չկա Հայաստանի մասնակցությունը պրո-ռուսական բլոկներին եւ բազայի ներկայությունը վերանայելու խնդիր:
Սակայն Հայաստանի ուղղությամբ «մասնագիտացված», այդ թվում պրո-հայկական համարում ունեցողները, վերջին օրերին փորձում են «ակտուալացնել» այդ խնդիրները: Ընդ որում, դրան ներգրավվել են Հայաստանի ժամանակավոր պաշտոնյաներն ու այսպես կոչված պրո-ռուսական շրջանակները, որոնք ԶԼՄ-ներով փորձում են մի կողմից վարկաբեկել շարժումը, մյուս կողմից Ռուսաստանի իշխանության մոտ կասկածներ առաջացնել, թե սա մայդան է:
Օրինակ, այս օրերին Հայաստանում են ՌԴ Դումայի պատվիրակները եւ հայ պատգամավորների հետ հանդիպմանն իրենց բավական լկտի են պահել, առաջացնելով նրանց զայրույթը:
Ավելորդ է ասել, որ այս շրջանակների գործունեության արդյունքում Ռուսաստանի վարկը պարբերաբար ընկնում է հայ հանրության շրջանում, գումարվելով տնտեսական, ռազմա-քաղաքական եւ այլ բնույթի խնդիրներին: Սրանք պարբերաբար կեղտ են տարածում Հայաստանի պետության, Հայաստանի քաղաքացիների արժանապատվության, քաղաքացիական հասարակության վրա:
Հայաստանում ծավալվող շարժումն այդ տեսակետից ճակատագրական նշանակություն ունի հայ-ռուսական բարեկամության համար, քանի որ արդեն իսկ ստեղծել է նոր իրավիճակ, եւ Ռուսաստանի միջամտությունը կարող է դառնալ բարեկամության ավարտը: Հայերին դա պետք չէ: Դա պետք է վերը նշված ուժերին, որոնք դրա վրա իրենց անձնական հարցերն են լուծում:
Ընդ որում, սրանց պետք է ավելացնել նաեւ Հայաստանի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարներին, որոնք օրը մեջ վազում են Մոսկվա աջակցություն մուրալու: Եթե Մոսկվայում հետեւում են Հայաստանում կատարվողին, երեւի նկատել են, որ Հայաստանի արդեն ողջ ժողովուրդը մերժում է նրանց, եւ հանձինս նրանց՝ կոռումպացված քրեական տնտեսա-քաղաքական համակարգը: Օգնելով մերժվածներին՝ Ռուսաստանը կմերժվի Հայաստանում:
Ռուսաստանի համար վտանգը հայկական թավշյա հեղափոխությունն ու Հայաստանի արժանապատիվ քաղաքացին չեն, այլ բոլոր նրանք, ովքեր կեղտոտում են այս շարժումը «ռուսական թեմայով»: Ռուսական թեմա այստեղ չկա, ըստ էության՝ չկա նաեւ ընտրություն: