ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ հորդորելով իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձեւավորման շուրջ:

Հիթեր Նոյերթի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետեւել Հայաստանում տիրող իրավիճակին:

Որպես Հայաստանի բարեկամ՝ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձեւավորման շուրջ եւ հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը:

Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջեւ երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը:

Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ եւ համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»: