«Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարրապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալու դեպքում ամեն ինչ կանի, որ Մարտի 1-ը բացահայտվի։ Այդ մասին Փաշինյանն ասել է NEWS.am-ի հետ զրույցում։

Մեր հարցին՝ մշտապես հայտարարվել է, որ Մարտի 1-ի ոճրագործության չբացահայտման խոչընդոտը Սերժ Սարգսյանի իշխանությունն է , երաշխավորո՞ւմ է, որ ժողովրդի իշխանության դեպքում կբացահայտվի Մարտի 1-ը, Փաշինյանը պատասխանեց. «Ես նախաքննության մարմին չեմ եւ նախաքննության տվյալներին էլ չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ Մարտի 1-ը կբացահայտվի»:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է այս փուլում արտագաղթեն գործին առնչվող առանցքային պաշտոնյաները, Փաշինյանը կոչ արեց, որ այդ մասին ՀՀ որեւէ քաղաքացի թող չմտածի. «Հայաստանի Հանրապետությունը մեր ընդհանուր հայրենիքն է, եւ մենք պետք է ոչ միայն այստեղ մնանք, այլեւ գնացածները հետ վերադառնան, որպեսզի մենք կարողանանք մեզնից կախված ջանքերը ներդնենք մեր հայրենիքի ազատ եւ երջանիկ ներկան եւ ապագան ապահովվելու համար»:

Նա վստահեցրեց, թե չեն լինելու քաղաքական հետապնդումներ, չեն լինելու քաղբանտարկյալներ, չեն լինելու անձնական վրեժխնդրության դրսեւորումներ եւ, ընդհանրապես, բոլոր հարցերի վերաբերյալ մոտեցումը լինելու է ազգային համաձայնության վերականգնումը: