ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական NTV հեռուստաալիքով խոսել է Երեւանում ծավալվող իրադարձությունների մասին: «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը։ Տվեք ինձ իշխանությունն անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկը վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դրանք կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն։ Ստիպել, շանտաժ անել մեծաթիվ մարդկանց, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, սեփական հայացքների, քաղաքականության մասին ունեցած իրենց պատկերացումների դեմ, կարծում եմ, բացարձակ այլ ծայրահեղություն է», ասել է Քոչարյանը։
Մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությունից առաջ Քոչարյանի այս խոսքն ուշագրավ է: Դժվար է ասել՝ երբ է այն տեսագրվել, նկատի ունենալով շարժման երկու փուլը՝ Մերժիր Սերժին փուլո՞ւմ, թե արդեն Մերժիր Սերժի Կարենին փուլում: Այնուամենայնիվ, հարցազրույցը հրապարակվում է երկրորդ փուլում, երբ տեղի ունեցան մի շարք բուռն իրադարձություններ:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ակտիվ գործողությունների անցավ Կարեն Կարապետյանը, վարչապետ դառնալու համար: Նա փորձեց ստանալ նաեւ Մոսկվայի աջակցությունը, այնտեղ ուղարկելով Արմեն Գեւորգյանին ու Նալբանդյանին: Մոսկվան մինչ այդ հայտարարել էր, որ Հայաստանի իրադարձությունները երկրի ներքին գործն են:
Ներկայում խորհրդարանի խմբակցությունները հայտարարել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, Ելքը, ՀՅԴ-ն ու Ծառուկյանը հայտարարել են Նիկոլ Փաշինյանին աջակցելու մտադրության մասին, ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի խոչընդոտելու այդ ընտրությանը: Իսկ վերջնական որոշման մասին թերեւս հայտնի կդառնա այսօր:
Կա տեսակետ, որ այսպիսով խորհրդարանի խմբակցությունները խաղից դուրս են թողնում Կարեն Կարապետյանին, ում նաեւ չառաջադրվելու խորհուրդ էր տվել նրա մտերիմներից մեկը՝ պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Քոչարյանի հարցազրույցը հեռարձակվում է Գազպրոմին պատկանող ալիքով, որում նա հիշատակում է պատգամավորների «ինքնասիրությունը», երբ նրանց ասում են «տվեք իշխանությունն անհապաղ»: Վահան Բադասյանի բնորոշմամբ՝ «դինաստիան» մի դեպքում կարող է մնալ իշխանության, եթե երկու անգամ տապալվի վարչապետի ընտրությունը: Իսկ թե ինչ է դա նշանակում, ինչ հետեւանքներ կունենա՝ դժվար չէ կռահել:
Ինքնասիրությունն ու արժանապատվությունը տարբեր բաներ են: Առաջին անգամ հայկական կուսակցությունները կանգնած են արժանապատիվ քայլ անելու եւ իրենց նախկին արարքներից որոշ չափով մաքրվելու հնարավորության առաջ: Նրանց ինքնասիրությունը «բզբզելը» տեղին չէ այդ արժանապատիվ քայլն անելուց առաջ: Կարելի էր խոսել ավելի բարձր բաներից: