Արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան, խոսքը ժամկետների մասին է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որին «Ելք» խմբակցությունն արդեն իր նիստում առաջադրել է վարչապետի թեկնածու:

«Մենք ունենք պատկերացում, որ հնարավորինս արագ պետք է լինի, բայց նաեւ հասկանում ենք, որ ընդդիմադիր դաշտում էլ կան որոշակի հարցեր, որոնք պետք է հաշվի առնել»,-ասաց նա:

Նշենք, սակայն, որ Սահմանադրությունը ԱԺ-ն ցրելու միայն 2 հիմք է նախատեսում՝ եթե ԱԺ-ն վարչապետ չի ընտրում, եւ երկրորդ՝ եթե կառավարության ծրագիրը չի հաստատվում ԱԺ-ում: Ընդ որում, կառավարության ծրագիրը չհաստատվելու դեպքում ԱԺ-ն պետք է ցրվի մոտ 1,5 ամսից:

Հարցին, թե ո՞ր հիմքով է ԱԺ-ն ցրվելու եւ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, եթե իր կառավարության ծրագիրը հաստատվի, Փաշինյանն անորոշ պատասխան տվեց. «Տարբեր ուղիներ կան, դրանք էլ կքննարկենք, ես հիմա չեմ ուզում որեւէ բան ասել: Այլ ուղիներ պետք է քննարկենք ու հասկանանք»:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: