Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀԿ խմբակցության հետ, որի արդյունքում էլ խորհրդարանի մեծամասնություն կազմող այս կուսակցությունը պետք է որոշում ընդունի մայիսի 1-ին նախատեսված վարչապետի ընտրության քվեարկության հարցում:
Հարցուպատասխանը բավական ուշագրավ է: ՀՀԿ-ականները հարցերը տվել են «հակառակ ծայրից», եւ դրանք կարելի է բաժանել երկու խմբի. Առաջին, Նիկոլին հիշեցնում են նախկինում արված նրա հայտարարությունները մասնավորապես պրո-ռուսական բլոկների՝ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին, ու արձանագրում, որ պատգամավոր Փաշինյանն ու վարչապետի թեկնածու Փաշինյանը տրամագծորեն հակառակ բաներ են խոսում:
Հարցերի երկրորդ խումբը վերաբերում է այն խնդիրներին, որոնցում Նիկոլ Փաշինյանը նախկինում մեղադրել է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: Օրինակ, հարցնում են Ղարաբաղի խնդրից, շրջափակումից ու Նաիրիտի վերագործարկումից:
ՀՀԿ-ն Նիկոլին տալիս է այդ հարցերը, Նիկոլն այս հարցերի կապակցությամբ ըստ էության ասում է նույն բաները, ինչ իշխանությունը, եւ ըստ էության այլ բան հնարավոր էլ չէ ասել:
Այսպիսով, ՀՀԿ-ն վրեժ է լուծում Նիկոլից, լավ նախապատրաստվելով այս հանդիպմանը եւ ուղղելով այնպիսի հարցեր, որոնք ըստ էության այլ պատասխան չունեն կամ հակասում են Նիկոլի նախորդ ասածներին: ՀՀԿ-ն այսպիսով մի կողմից փորձում է հանել Սերժ Սարգսյանի վրեժը, որը լրատվամիջոցների ներկայությամբ բավական նվաստացված դուրս եկավ Մարիոտում Նիկոլի հետ հանդիպումից, մյուս կողմից ցանկանում է ցույց տալ, որ մոտեցումներում տարբերություն չկա, եւ Սերժ Սարգսյանը ճիշտ էր: Այդպես էլ նրանք հայտարարում են:
Բնական է, որ ՀՀԿ-ն չէր հարցնի կեղծված ընտրությունների, մոնոպոլիաների, ռեկետի եւ այլ հանցագործությունների մասին, որ գործվել է իր իշխանության օրոք:
Նիկոլն ինքը համբերատար պատասխանում է հարցերին, պարզաբանումներ տալիս, փորձում հիմնավորել իր դիրքորոշումները: Հետաքրքիր է՝ ինչպես է քվեարկելու ՀՀԿ-ն: