ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով օրենսդիրի իր աշխատանքից դուրս, պարզվում է նաեւ ցույց ցրելով, ցուցարարներին աքացի տալով է զբաղվում, կրակն է ընկել թավշյա հեղափոխության ձեռքը: Նա դեռ «քաշելիք» ունի այսօր՝ մայիսի 1-ին, աշխատավորության միջազգային օրը սպասվող վարչապետի ընտրության մասով։ Նա ոչ միայն պետք է ԱԺ գա եւ քվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, այլ պետք է ամեն ինչ անի, որպեսի կրճատի Փաշինյանի կողմից փողոցները հեղեղողների թիվը: Պատգամավորը իրեն պատկանող ընկերությունների, մասնավորապես «Ալեքս տեքստիլի» աշխատակից կանանց օրերս անձամբ է հանդիպել եւ «ջան-ջիգյար» տոնայնությամբ հետները խոսելով հրավիրել է իրեն պատկանողղ «Փարվանա» ռեստորան՝ նշելու աշխատավորների օրը: «Մինչեւ էս՝ բանի տեղ չէր դնում, հիմա ձեռք ու ոտք է ընկել, ջան-հեյրան է անում»,-ասաց աշխատակիցներից մեկը: Մասնավորապես կին աշխատակիցներին Ալեքսանյանը հորդորել է «կորպորատիվին» գալ ամուսինների հետ միասին: «Մեզ ցուցակ ներկայացվեց, ով պիտի գար՝ իր անվան դիմաց պիտի պլյուս դներ: Անձաբ ես մինուս եմ դրել, չեմ գնալու»,-պատմեց մեր զրուցակից աշխատակիցը: Մենք զանգահարեցինք «Փարվանա» ռեստորան, ճշտելու, թե քանի՞ աշխատակից է մասնակցելու մայիսի 1-ի միջոցառմանը: «Մայիսի 1-ի համար մենք միջոցառում չունեք, հարգելիս: Մենք աշխատելու ենք, բայց պատվեր դեռ չունենք: Միայն 15 հոգանոց կոլեկտիվ է գրանցված ժամը 6-անց կես: Ուրիշ ոչ ոք»,-ասաց ռեստորանի մենեջեր Նարինե Խաչատրյանը՝ հավելելով. «Ես հեռախոսազանգերին եմ պատասխանում, պատվեր ընդունում, մենյու եմ գրում, տեղ եմ ապահովում հաճախորդների համար: Եթե նախապես ունենայինք պատվեր՝ ես տեղյակ կլինեի: Եթե ուզում եք՝ եկեք, տեսեք, կա՞ այդպիսի միջոցառում, թե՞ ոչ: Ով էլ կգա՝ համեցեք, մեզ մոտ տոնական օր է լինելու մայիսի 1-ին»: «Ալեքս Տեքստիլ» -ի մարկետինգային հարցերով պատասխանատու Քրիստինա Ներսեսյանն էլ հայտնեց, թե ամեն տարի աշխատակիցների համար մայիսմեկյան տոնական միջոցառում է կազմակերպվել, սակայն այս տարի «ելնելով հայտնի դեպքերից, պայմանավորված ներքաղաքական իրավիճակով՝ միջոցառում չի կազմակերպվելու»:

Ի դեպ, մենք հավաստի տեղեկություն ունենք, որ Ալեքսանյանի ընկերությունների աշխատողներից շատերը մասնակցում են այս օրերին տեղի ունեցող միտինգներին: Նրանցից ոմանք անգամ ընկերության լոգոյով արտահագուստով են միացել ցուցարարներին՝ մոռանալով այն հանել: Խոսք կա, թե Ալեքսանյանը աշխատակիցների սիրտը շահելու համար խոստացել է, թե առաջիկայում բարձրացնելու է աշխատավարձը, «պրեմիաներ» է տալու, եւ որ «սաղս հայ ենք, սաղիս համար էլ լավ ա լինելու»: Նշենք, որ պատգամավորը շատ է սիրում ընդդիմադիր գործիչների մասին արտահայտվելիս ասել, թե՝ «ինքը մեր հետ ա»: Փաշինյանի մասին էլ ժամանակին ասում էր «Նիկոլը մեր ախպերն ա»: Ընթերցողը կհիշի, թե ինչպես էր նախորդ ԱԺ-ում ժամանակ առ ժամանակ նստում «Ժառանգություն» խմբակցության համար հատկացված հատվածում, ասում էր, որ ինքն ու ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը «քուր ու ախպեր» եւ եւ թեւանցուկ քայլում էր՝ ի տես եւ ի լուր ամենքի:

Հ.Գ. Համացանցում ցուցարարներին ցրելը պատկերող վիդեոհոլովակից հետո Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի»-ների ցանցում առեւտուրը նկատելի թուլացել է՝ քաղաքացիներից շատերը բոյկոտում են պատգամավորի խանութները, անգամ «Նատալի Ֆարմ» դեղատներից դեղորայք չեն գնում:

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am