Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Բելառուսի Հաամազգային հեռուստատեսությանը, որում ներհայաստանյան իրողությունների համատեքստում անդրադարձել է եվրասիական ուղղությամբ Հայաստանի արտաքին քաղաքականությանը:
«Մեզ համար եվրասիական տարածաշրջանը բարեկամական տարածաշրջան է, այստեղ այն երկրներն են, որոնք բացարձակ բարեկամական ու եղբայրական են մեր նկատմամբ: Բացի այդ, դա նաև Հայաստանի համար հսկայական շուկա է, հետևաբար մեր մասնակցությունը եվրասիական տարածքում ելնում է մեր արմատական հետաքրքրություններից, այլ ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ որևէ տեղ է հրում: Կարծում եմ՝ ով էլ ի վերջո լինի կառավարությունում, ես անձամբ որևէ պարագայում, այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են ինձ սահմանադրորեն, թույլ չեմ տա, որ մեր երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն», հայտարարել է Արմեն Սարգսյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը էական նշանակություն ունի Հայաստանի ներքին իրողությունների եւ դրանցում առկա բավական նուրբ ու բազմաշերտ խնդիրների ֆոնին, հատկապես իրադարձությունների զարգացման հեռանկարի, դրա արտաքին տրանսֆորմացիայի եւ ըստ այդմ նաեւ արտաքինից առանձացնող ազդակների առումով:
Այդ համատեքստում ուշագրավ է նաեւ, որ թեման բավական մեծ տեղ է զբաղեցրել նաեւ ՀՀԿ խմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը: Հանրապետական պատգամավորները նրան «բռնացրել» են եվրասիական քաղաքականության մասին նրա նախկինում եւ այժմ արած հայտարարությունների տարբերության «վրա»: Նիկոլին հիշեցրել են ԵՏՄ, ՀԱՊԿ դեմ նրա նախկին հայտարարությունները, ընդհուպ այդ կառույցները մերժելու մասով: Այդ հայտարարությունները այժմ տրամագծորեն հակառակն են, եւ Փաշինյանը հավաստիացրել է մի քանի անգամ, որ չկա դրանցում Հայաստանի անդամությունը վերանայելու եւ Հայաստանի արտաքին քաղաքական կուրս կամ կողմնորոշում փոխելու խնդիր:
Բայց, միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է նաեւ, որ կա իրողությունները ընդունելու հարց, դրան զուգահեռ նաեւ որոշ իրողություններ փոխելու հարց:
Տվյալ պարագայում սակայն հստակ է, որ կա ընդգրկուն խնդիր՝ Հայաստանում տեղի է ունենում իշխանափոխություն, որը «խորթ» երեւույթ է ԵՏՄ տարածաշրջանի համար: Ըստ այդմ առաջանում է այդտեղ երկու հարց՝ նախ ընդհանրապես դա ինչ երեւույթ է եւ արդյոք Հայաստանը դրանով չի դառնում ԵՏՄ-ում գտնվող օտար մարմին, եւ արդյոք իշխանության ղեկը չի ստանձնում մարդը, որը կանխատեսելի չէ եւ կարող է փոխել իր մոտեցումը ըստ իրավիճակի:
ԵՏՄ-ում առկա այդ մտահոգությունները, որոնք անշուշտ միայն Ռուսաստանի մտահոգությունները չեն, կարող են Հայաստանում տրանսֆորմացվել բավական վատ դրսեւորումների կամ ազդեցության: Առավել եւս, որ անթաքույց էր իշխող համակարգի թեւերից առնվազն մեկի՝ Ռուսաստանի միջոցով իշխանությունը պահելու ձգտումը:
Ահա այդ ֆոնին, Արմեն Սարգսյանի հարցազրույցը բելառուսական հեռուստաընկերությանն ու բավական հստակ խոսքը գործնականում Հայաստանի քաղաքականության կանխատեսելիության երաշխիք է, կամ այլ կերպ ասած՝ եվրասիական մտահոգությունները ցրելու կարեւոր փորձ: Նախագահ Սարգսյանն այդ երաշխիքը տալիս է իհարկե իր իրավասության շրջանակում, որը այդքան էլ մեծ չէ, սակայն մյուս կողմից եվրասիական դերակատարների համար այս օրերին նաեւ հստակ էր իրավիճակի խաղաղ եւ կայուն հանգուցալուծման ուղղությամբ Արմեն Սարգսյանի քաղաքական ջանքի մեծությունը, որը ուղղակի թե անուղղակի ընդգծում էր նաեւ նրա դե ֆակտո իշխանության ավելի մեծ շրջանակը:
Շրջանակ, որ Սարգսյանը բնորոշել էր դեռեւս ընտրությունից առաջ տված իր հարցազրույցներում՝ կա իշխանության վարչական շրջանակ եւ կա խոսքի իշխանության շրջանակ, որը դե ֆակտո բոլոր իշխանությունների սկիզբն է եւ վերջը:
Դա իհարկե չի փակում թեման կամ հարցը, որը «միանվագ» չէ: Այլ կերպ ասած, աշխատանքը այդ խոսքով կամ երաշխիքով ոչ միայն չի ավարտվում, այլ նոր միայն պետք է սկսվի եւ այդ իմաստով արդեն կարեւոր են դառնում Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանն այդ թեմայով ուղղված հարցերը:
Մյուս կողմից, այստեղ խնդիրը ամենեւին անկանխատեսելիության դաշտում չէ, ինչպես կարող էր թվալ հարցերից ու պատասխաններից, մեկ մարդու տարբերվող դիրքորոշումների թվացյալ բեվեռացվածությունից:
Գործնականում միարժեք է, որ կա Հայաստանի ու ՀԱՊԿ, Հայաստանի ու ԵՏՄ, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների շոշափելի վերափոխման, քաղաքականացման, միջպետականացման անհրաժեշտություն:
Եվ այստեղ իհարկե իրողությունները հաշվի առնելու Փաշինյանի փաստարկը առնչվում է թերեւս ամենեւին ոչ լոկ նրա ընդդիմադիր ու այս պահին պոտենցիալ իշխանական կարգավիճակին: Իրողությունները խնդրի առումով ունեն առավել լայն, ռեգիոնալ եւ նույնիսկ աշխարհքաղաքական ընդգրկում, եւ դրա հետ հաշվի նստելը առնչվում է ոչ միայն Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը, այլ նաեւ հենց Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին:
Վերանայումը հնարավոր է փոխադարձ վստահության եւ հանրային ռացիոնալ, ոչ միֆական լեգիտիմության պայմաններում: Մի բան, որն ակնհայտորեն բացակայում էր առնվազն մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմ: Դրանից հետո դժվար է ասել, թե փոխադարձ վստահությունն առկա է, սակայն առկա էր գործընթաց: Գործընթաց, որը բավական լուրջ վտանգի տակ դնելու փորձ արեցին նրանք, ովքեր այս օրերին փորձում էին Հայաստանում իրենց հարցերը լուծել Պուտինի անունից:
Չստացվեց, ինչը նաեւ նոր իրողությունները հաշվի առնելու եւ ըստ այդմ նոր մոտեցման եւ գործելաոճի Ռուսաստանի բացառիկ համարժեք օրինակ էր: Փաստացի, նախագահ Արմեն Սարգսյանը ուղղակի թե անուղղակի տալիս է պատասխան արձագանքը, գործադիր իշխանության շուրջ հարաբերական անորոշության պայմաններում ներկայացնելով փոխադարձ վստահության հայկական բաժնի առնչությամբ քաղաքական պատասխանատվության կարեւոր հայտ: