Ազգային ժողովի հատուկ նիստում, որն այսօր՝ մայիսի 1-ին, գումարվել է իրավունքի ուժով, ընթանում է վարչապետի ընտրությունը: Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, սակայն առաջադրված է միայն մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը: Նա առաջադրվել է «Ելք» խմբակցության կողմից: ՀՅԴ ու «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ քվեարկելու են Փաշինյանի օգտին, իսկ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե եւ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ավելի վաղ նշել էր, որ եթե մյուս 3 խմբակցությունները 1 թեկնածուով հանդես գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի եւ մայիսի 1-ին կունենանք վարչապետ:

Նշենք, որ ի տարբերություն ՀՀ նախագահի ընտրության, վարչապետին ԱԺ-ն կընտրի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Եթե ԱԺ-ին չի հաջողվում վարչապետ ընտրել, քվեարկությունից 7 օր անց անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:

Ընտրվելու դեպքում հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից եւ 17 նախարարներից։ Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։