Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ասաց, որ ուզում է մեջբերում անել նրա հոդվածից: «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում մարդիկ կան, ովքեր իլուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածների վերաբերյալ: Ես չեմ ընդունում, որ լավ դիվանագիտությունը կարող այնպես անել, որ այդ տարածքները չվեադարձնենք Ադրբեջանին, մերը թողած, ուզում ենք տեր լինել ուրիշին»,- նշեց Սաղաթելյանը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այս մեջբերումը արդեն հինգ տարի իր լուսանկարով շրջանառության մեջ է դրված սոցիալական ցանցերում և նշված է, որ ինքը դա հրապարակել է Հայկական ժամանակում: «Այս ընթացքում ես 15 անգամ այդ օրը Հայկական ժամանակում տպագրված իմ հոդվածի լուսապատճենը հրապարկել եմ, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի: Եվ ես ցավում եմ, որ դուք, սա իմանալով, սոցիալական ցանցերում ակտիվ լինելով, իմ 15-20 անգամվա հերքումները չեք նկատել և հիմա եկել, ԱԺ նիստում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Եվ թույլ տվեք եզրակացնել, որ Դուք և Ձեր թիմը կարող եք որոշակի կապ ունենալ նման դեզինֆորմացիաների տարածման հետ: Եթե որևէ մեկը փորձի մեր գործունեությունը ներկայացնե՝ որպես ՀՀ ազգային և պետական շահերին հակասող, այդ մեկին շատ լուրջ հիասթափություն է սպասվում»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ ՀՀԿ որոշ շրջանակներում իրեն վերագրում են ԼՂՀ հետ կապված սուտ հայտարարություններ՝ հատուկ ալգորիթմներով, դրանք տարածվում են ԼՂՀ բնակչության շրջանում: Եվ սա արվում է ազգային զարթոնքը կասեցնելու ու թշնամանք հարուցելու համար:
Փաշինյանն ասաց, որ 2015 թվականին ինքը Քաղաքացիական պայմանագրի անդամներից ջոկատ է կազմել ու մեկնել առաջնագիծ՝ մարտական հերթափոխություն իրականացնելու: «Եվ եթե որևէ մեկը կփորձի իմ գործունեությունն այլ լույսի ներքո ներկայացնել, ինքը կներկայանա այլ լույսի ներքո»,- զգուշացրեց Փաշինյանը:
Արման Սաղաթելյանը նաև հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում փոխզիջում ասվածը, եթե մտադիր է ներկայացնել երկիրը բանակցային պրոցեսում:
«Ես ուզում եմ ընդգծել, որ Ելք դաշինքի նախընտրական ծրագրում շատ հստակ ամրագրված է, որ փոխզիջման մասին խոսելն ընդհանրապես այն մթնոլորտում, երբ Արդբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է: Այս պայմաններում միայն կարող ենք խոսել սեփական երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին»,- ասաց Փաշինյանը:
Իսկ փոխզիջման մասին, ըստ նրա, կարելի է խոսել, երբ Արդբեջանը հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: