Այո, ասօր մեր երկրում նոր իրողություններ են և նոր իրավիճակ, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Միաժամանակ, հարկ եմ համարում ասել, որ այս օրերին իշխանությունը ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն և հասարակությանը մերոնքի և ձերոնքի չբաժանելու քաղաքականություն: Պատմությունն ամեն ինչ ու ամեն մեկիս կդնի իր տեղը: Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ երբեք վերջնագրի: Մենք պարտավոր ենք բոլորս հարգել բազմակարծությունը, իմ համար անընդունելի է որևէ ճնշման միջոցով ազդել որևէ պատգամավորի կարծիքի վրա: Յուրաքանչյուրս մեր խղճի մտոք կընտրենք մեր վարչապետին՝ կամ կողմ, կամ դեմ քվեարկությամբ»,- նշեց նա:

Շարմազանովն ասաց, որ այսօր մենք ընտրում ենք ոչ թե լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը նախ և առաջ պետք է աչքի ընկնի քաղաքական հստակ գաղափարախոսությամբ ու քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ:

«Ո՞վ է լինելու ձեր ընտրվելու պարագայում առաջին փոխվարչապետը, պաշտպանության, ֆինանսների նախարարը, ոստիկանապետը, ովքե՞ր: Պատասխան չկա: Ընդամենը մի քանի ամիս առաջ դուք և Ելքը պահանջում էիք դուրս գալ ԵՏՄ-ից, ասօր ասում եք՝ իրողություն է փոխվել: Կներեք, երբ մենք էինք խոսում իրողություն փոխվելու մասին, մեզ մեղադրում էիք ստախոսության մեջ: Կարծում եմ՝ առնվազն արդար չէ: Արցախյան հիմնահարցում որևէ հայեցակարգ չներկայացրեցիք, ինչպես եք բանակցելու, գնալու եք փոխզիջումների, թե ոչ»,- հարցադրումներ հնչեցրեց Շարմազանովը:

Նա նշեց,ո ր քաղաքական գործիչը պետք է հստակ գաղափարախոսություն ունենա, այդպես է քաղաքակիրթ աշխարհում: «Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ ծրագրային ելույթի»,- ընդգծեց նա:

Շարմազանովը հավելեց՝ ինչպես երեկ, այնպես էլ այսօր Փաշինյանն իրեն չհամոզեց: «Ես չեմ տեսնում ձեզ գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնին»,- եզրափակեց նա: