Երեկ խորհրդարանի նիստին ՀՀԿ պատգամավոր, ԱԱԾ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ խմբակցության միակ պատգամավորներ էր, ով կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Ընտրություններից հետո նա ասաց, որ խղճով է քվեարկել: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե գեներալն իր օգտին է քվեարկել, նշանակում է, որ իր վարչապետությունն սպառնալիք չէ ազգային անվտանգությանը:
Նույն օրը խորհրդարանում ելույթ է ունեցել իրեն «դաշտային» անվանող մեկ այլ գեներալ՝ Սեյրան Սարոյանը: Ծանր վիճակում նա ժողովրդին փորձել է հանգստացնել կոպիտ սալդաֆոնային հումորով: «Ինչի՞ իմեննոյ դու: Արեք խելացի ձևով մտածենք, ժողովրդին հանգստացնենք, որ հանկարծ, աստված չանի, էս խաղաղ ցույցերը դառնան կրակի բուն։ Ում քթից էլ արյուն եկավ՝ մեղավորությունը մեր սաղի վրա է։ Ախր չի կարելի չէ, հելել ուզում եք կուսակցություն փչացնել»:
«Ժողովուրդը հասկացավ , որ ինքը ուժ ա, իշխանությունն էլ հասկացավ, որ ժողովրդի հետ խաղալ չի կարելի, ինչ պետք է Նիկոլին ապացուցել էս երկրում, ապացուցեց, հիմա մեզ պետք ա գտնել ճիշտ ուղիներ, որ ժողովրդին հանդարտացնենք», ասել է Սարոյանը:
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կոչումներ ստացած գեներալները դարձել են Հայաստանի իշխող ռազմաֆեոդալական համակարգի անքակտելի մասը: Նրանք փորձում են պահպանել իշխանությունը: Ըստ երեւույթին, դեգեներալները դժվար են հասկանում, որ Հայաստանում արդեն չկա ռազմաֆեոդալական համակարգ: Ֆելիքս Ցոլակյանը հասկացել է դա: