Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Ելք-ը վստա՞հ է, որ ՀՀԿ-ն այս անգամ չի դրժի խոստումն ու կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
«Քանի որ մենք գործ ունենք մի ուժի հետ, որն ադեկվատ չի գնահատում իրականությունը… Այո, սթափության նշույլներ ու հավաստիացումներ մենք տեսանք, բայց գործ ունենք հանրապետականների հետ, ովքեր չգիտես ինչու շարունակում են դիմադրել ու վնասել հանրապետության շահերին ու ընդդիմանալ ժողովրդի կամքին: Հիմա ասել են, որ քվեարկելու են, ես չգիտեմ, թե վաղն իրենց ով ինչ կստիպի»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն ու այլ նախկին պաշտոնյաներ փորձում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներին օգտագործել անձնական երաշխիքների համար, որոնց կարիքն իրականում չկա:
Հարցին, թե ունեցվածքի և այլ երաշխիքներ տրվե՞լ են ՀՀԿ-ականներին, Միրզոյանը պատասխանեց. «Մենք կուլիսների հետևում որևէ բանակցություններ, սակարկումներ չենք անում: Ինչ անում ենք, հրապարակային ու թափանցիկ է: Առաջին իսկ օրվանից ենք ասել, որ ոչ միայն նրանք, այլ բոլորը, ովքեր վերջին տարիներին պատասխանատվություն են կրել երկրի իրավիճակի ու քաղաքական կուրսի համար, բոլորն ունենք ֆիզիկական անվտանգության երաշխիքներ, կարող են չվախենալ սեփականության վերաբաշխումից: Ամեն ինչ նորմալ է, այդ մարդկանց ուղղակի ուզում ենք ասել՝ մի ընդդիմացեք ՀՀ շահերին, ուղղակի փոխանցեք իշխանությունը»:
Հարցին, որ այդ նույն մարդիկ նաև քրեական պատմությունների մեջ կան, Միրզոյանը պատասխանեց, որ քրեական գործերի մասին իրավասու չէ հայտարարություն անել: «Եթե մենք պետք է չունենանք անկախ դատական համակարգ, ապա ինչի՞ համար է այս ամենը»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ խորհրդարանում արդեն սկսվել է ստորագրահավաքը՝ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար: Անհրաժշետ ձայներից շատ ստորագրություններ կհավաքվեն:
«Բայց ուզում եմ ասել՝ ցանկացած սցենար ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալով», ասաց Միրզոյանը: