ՀՀ մեծարգո նախագահ պարոն Սարգսյան, բաց նամակը շարադրելիս, երկար մտորեցի`՝ արդյո՞ք, հանրապետության ներքաղաքական պատասխանատու այս փուլում, արժե դիմել Ձեզ՝ ցմահ դատապարտյալիս տանջող մի հարցով: Բայց, այլեւս, ելք չունեի սպասելու, քանի որ անորոշության մեջ ապրելն էլ մի բան չէ:

23 տարի անազատության մեջ եմ ու շատ բան եմ տեսել, զգացել, ապաշխարել, զղջացել։ Բայց փոխվել եմ, դրսևորել ու դրսևւորում եմ նորմալ պատշաճ վարքագիծ, և 2017թ, սեպտեմբերի 22-ին ներման խնդրագրով դիմել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Որոշ ժամանակ անց, սահմանված կարգով ՔԿՀ-ից պահանջել էին ներկայացնելու տեղեկատվություն ընտանիքիս անդամների մասին, ինչպես նաեւ, այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Այս տարվա մարտ ամսին տարբեր լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ ներում է շնորհվել ինձ:

Լրագրողները հարցադրումներ էին ուղղել ՀՀ արդարադատության նախարար` Դավիթ Հարությունյանին և ՔԿՀ վարչության պետ` Ռաֆայել Հովհաննիսյանին, ովքեր, ըստ էության, չհերքեցին տեղեկությունը: Սակայն, մինչ օրս ներման որոշումը տեղ չի հասել: Անորոշությունից ու սպասողական վիճակից խաթարվել է ոչ միայն իմ , այլև իմ ընտանիքի անդամների անդորրն ու հոգեկան ներաշխարհը:

Ամեն օր, այգաբացը դիմավորում ենք, սպասելով ավետաբեր որոշմանը: Սակայն էլի եմ կրկնում՝ոչ ներման որոշումը կա, ոչ էլ մերժումը:Հարգարժան նախագահ, դիմում եմ Ձեզ խնդրանքով, օգնել գտնելու ներման կորսված որոշումը։

Հարգանքներով` «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան։