«Նիկոլ Փաշինյանն իշխանության կգա այն խորհրդարանում, որտեղ մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սակայն, ըստ նրա՝ հիմնական խնդիրը ոչ թե դա է, այլ՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը սեփական խմբակցություն խորհրդարանում գրեթե չունի. «Այն, ինչ հիմա կլինի, կլինի նրա շնորհիվ, որ ինքը կօգտվի այլ խմբակցություններից՝ «Ծառուկյան» և ՀՅԴ, ինչպես նաև որոշ գործարարներ, որոնց ՀՀԿ-ն թույլ կտա քվեարկել այլ կերպ: Ակնհայտ է, որ նոր ընտրություններ են հարկավոր: Եթե Նիկոլ Փաշինյանն իր կողմը տանի ՀՀԿ-ականների մի մասին, մեկ է՝ իրեն պետք է լինելու «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն. նա ստիպված կլինի կոալիցիա կազմել, պայմանավորվածություններ ձեռք բերել ու դրանք կատարել: Դա խնդիր է:

Այնպես որ, կարծում եմ՝ պետք է պատրաստվեն նոր ընտրություններին: Որպեսզի նոր ընտրություններ իրականացվեն, ակնհայտ է՝ անհրաժեշտ է, որպեսզի Ընտրական օրենսգիրքը փոխվի: Դրա համար անհրաժեշտ է լինելու համոզել ներկայիս խորհրդարանին այդ որոշումներն ընդունել, իսկ փողոցի ճնշումը չի կարող լինել անսահման: Վարչապետին այնքան էլ հարմար չէ օգտագործել փողոցը, ինչքան՝ շարժման ղեկավարին: Այսինքն՝ այստեղ խնդիր կա»,- նշեց Ա. Իսկանդարյանը:

Քաղաքագետը կարծում է՝ նշանակություն չունի՝ ինչպե՞ս կիրականացվեն այդ գործընթացները խորհրդարանում, կարևորն այն է, որ դրանք իրականացվեն, որովհետև «Նիկոլ Փաշինյանն այդ ռեսուրսն ունի».

«Ուրիշ հարց է, որ դա պետք է արագ իրականացվի, քանի այդ ռեսուրսն այնքան չի քչացել, որ այն դադարի աշխատել: Նիկոլ Փաշինյանի ռեսուրսը մեծ համբավն է ժողովրդի շրջանում, ես դա անվանում եմ սոցիալական մեծ աջակցություն, բայց այն կարող է փոքրանալ, դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է արագ գործի»:

Ա. Իսկանդարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կադրերի խնդիր ունի. «Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնել են մարդիկ, ովքեր կարող էին կազմակերպել այդ փողոցային պայքարը, բայց թե ինչպե՞ս նրանք կարող են կառավարական գործառույթներ իրականացնել, դա դեռ հայտնի չէ: Այստեղ կարող է տեղի ունենալ ինքնահամալրում:

Նիկոլ Փաշինյանը չունի սեփական փորձագիտական, մասնագիտական կոլեկտիվը: Սովորաբար, երբ ուժը գալիս է իշխանության, դա համակարգային է լինում, իսկ Նիկոլ Փաշինյանը համակարգային իշխանություն չունի, նա մեծ ռեսուրս ունի, բայց դա սոցիալական աջակցություն է: Նա պետք է ստեղծի դա: Այդ պրոցեսը մենք կտեսնենք առաջիկայում, երբ իշխանությունը կփոխանցվի»:

Ա. Իսկանդարյանի խոսքով՝ առաջիկա կառավարությունը շատ բազմատարր է լինելու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Նյութի աղբյուրը ՝168.am