Շիրակի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որտեղ դասախոսներն ու ուսանողները պահանջում են բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:

Բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը պահանջեցին, որ երկու ժամվա ընթացքում ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացնի: Ցուցարարները վանկարկում են «Սահակ, հետռացիր»: Բողոքի ակցիային մասնակցում են նաեւ նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցները:

Ցուցարարները պահանջում են նաեւ հանդիպում ԿԳ նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հետ:

Ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանն իր խոսքում նշեց, որ դեռ յոթ ամիս առաջ բաց նամակ են ներկայացրել՝ խնդրին լուծում տալու համար. «Յոթ ամիս շարունակ պայքարում էինք ռեկտորի ապօրինությունների եւ կամայականությունների դեմ, սակայն առկա խնդիրները լուծելու փոխարեն՝ որոշեցին մեզ աշխատանքից ազատել: Ռեկտորի հաշվետվությունից հետո տեսնում ենք, որ բուհը ֆինանսական աղետի առջեւ է կանգնած՝ 242 մլն դրամի բացասական շեղում կա։ Պետք է փրկել բուհը, այն բոլորիս համար կարեւոր նշանակություն ունի»,-ասաց նա:

Ելությ է ունեցել նաեւ Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, ով կոչ արեց Սահակ Մինասյանին ականջալուր լինել ուսանողության, դասախոսների հորդորներին եւ խաղաղությամբ հրաժարական տալ: «Եթե հրաժարականից հետո նա կզգա, որ այս բուհն իր կարիքն ունի, թող գա մասնակցի մրցույթներին: Չխեղճանաք, չզիջեք: Եթե Սահակ Մինասյանը խոսելու բան ունի, թող գա խոսի, 5 րոպե կսպասենք»,-ասաց նա:

Բողոքողների առջեւ ելույթ ունեցավ Սահակ Մինասյանը, սակայն ցուցարարները սկսեցին վանկարկել «կաշառակեր», «ամոթ», «թալանածդ հետ բեր»:

Հիշեցնենք, որ բուհի համակարգային խնդիրների ու ենթադրյալ հանցագործությունների մասին բարձրաձայնելու պատճառով, որոշ ժամանակ առաջ Սահակ Մինասյանը աշխատանքից ազատել էր դասախոսներ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին։ Երեկ պաշտոնից ազատվել է նաեւ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է: