Երևանի թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ մայիսի 4-ին դպրոցում տեղի ունեցած դասադուլի ու բողոքի ակցիայի հետևանքով: Նա Սերժ Սարգսյանի համակուրսեցին է և, ըստ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ բացահայտումների, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի համար ձայներ ապահովող տնօրենների թվում է եղել:
Համաժողովրդական շարժումը կարծես ձեռնամուխ է եղել ոլորտային խնդիրների լուծմանը: Ընդամենը մեկօրյա ակցիայի արդյունքը եղավ այն, որ տարիներ շարունակ իր աթռին ամուր կառչած տնօրենը, ում ուսուցիչները նաև յուրացումների մեջ են մեղադրում, հեռանա:
Այս ալիքը տարածվում է նաև մյուս դպրոցներում: Լրատվամիջոցներին արդեն այսօր բաց նամակ են ուղղել Կենտրոն վարչական շրջանի պրոֆ. Ա.Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և ծնողական խորհուրդը: Նրանք տեղեկացնում են, որ այս տարվա ապրիլի 14-ին լրացել է իրենց դպրոցի տնօրեն Դավթյանի 65 տարին, և մինչ օրս դպրոցը չունի ոչ պաշտոնական, ոչ ժամանակավոր պաշտոնակատար տնօրեն:
“Ավելին, մեզ հասած հավաստի աղբյուրներից տեղեկանում ենք, որ մեր՝ ընդամենը 103 աշակերտ ունեցող դպրոցում տնօրենի թեկնածու ցանկանում են ներկայացնել ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի մորաքրոջը, բայց հայտնի պատճառներով չեն ներկայացրել մինչև օրս: Այսօր խաթարվել է դպրոցի բնականոն աշխատանքը”,- ահազանգում է դպրոցի աշխատակազմը՝ որը դպրոցի տնօրենի պաշտոնում այլ անձի է ցանկանում տեսնել՝ դպրոցի ուսմասվարին:
Այսինքն՝ կրթական համակարգում սկիզբ առած պայքարն ու արատավոր բարքերի մասին բարձրաձայնումը ևս ցանցային տեսք է ստանում և տարածվում է այլ կրթական հաստատություններում:
Այսօր նաև ակցիա է տեղի ունեցել Շիրակի պետական համալսարանում, գյումրեցիները պահանջում են համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը, ով վերջին ամիսներին աղմկոտ պատմությունների կիզակետում էր:
Բուհերի և դպրոցների ապակուսակցականացման հարցը տարիներ շարունակ մասնագետներին մտահոգող խնդիրներից մեկն է եղել: Կրթական հաստատությունները, իրենց ուսխորհուրդներով ու կառավարման խորհուրդներով հանդերձ, տարիներ շարունակ ծառայել են իշխող ՀՀԿ-ին: Եվ դա է պատճառը, որ վերջին շրջանում բողոքի ակցիաների ժամանակ ուսանողները ոլորտում թից մեկ անելիք էին մատնանշում բուհերի ապակուսակցականացումը:
Մասնագետների ու ուսանողների պահանջն է, որ պետական ու համայնքային իշխանությունը մեծ մասնակցություն չպետք է ունենա դպրոցների ու բուհերի կառավարման գործում, բուհերի կառավարման խորհուրդները պետական մասնակցությունից պետք է իսպառ մաքրվեն:
Այս բացահայտումներին ու հրաժարականներին, անշուշտ, պետք է հետևեն պատիժներ, արդար քննություն պետք է տարվի: Արդեն տեղեկություն կա, որ Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով:
Այս դպրոցի ներկա և նախկին ուսուցիչները տնօրեն Ազիզյանին մեղադրել են իրենց պարգևավճարները յուրացնելու, կրթական հաստատությունում կոռուպցիոն սխեմաներ ու վախի մթնոլորտ տարածելու մեջ: