Բացառությամբ Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակով ընտրված անկուսակցական պատգամավոր Գրիգոր Ավալյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներից եւ ոչ ոք իր մանդատը վայր դնելու մասին հայտարարություն չի արել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ խմբակցությունը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը թե Սահմանադրության համաձայն պատգամավորն առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով, եւ նրան պարտադրել այս կամ այն որոշումը հակասահմանադրական է:

«Գրիգոր Ավալյանը, օգտվելով Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորություններից եւ իրավունքներից, ինքնակամ, առանց որեւէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորներին, ապա նրանք վայր չեն դրել մանդատը եւ չեն էլ պատրաստվում: Սահմանադրական իրենց իրավունքների համաձայն ազատ են եւ անկախ աշխատելու որպես պատգամավոր, քվեարկելու եւ որոշումներ կայացնելու՝ իրենց մտքին, խղճին եւ համոզմունքերին համապատասխան»,-ասված է ՀՀԿ պատասխանում: