Հայաստանցիները փոփոխություն են սպասում բոլոր ոլորտներում, առաջին հերթին՝ կրթության, առողջապահության եւ սոցիալական:

Մայիսի 5-ին NEWS.am-ը հարցախույզ է անցկացրել մայրաքաղաքի փողոցներում՝ պարզելու համար, թե ինչ պատճառով են մեր համաքաղաքացիները միացել Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը, ինչ ակնկալիքներ ունեն եւ կոնկրետ որ ոլորտներում են փոփոխություններ սպասում:

«Ինքս շատ չեմ մասնակցել ցույցերին, որովհետեւ տեսնում եմ՝ սա երիտասարդների գործ է ավելի շատ»,- նշեց մեր քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի նույնպես նշեց, որ ինքը երիտասարդներով ոգեւորված է գնացել, չնայած տարիքին: Թե ինչու են միացել շարժմանը, մեր քաղաքացիներն առաջին հերթին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը նշեցին, ինչպես նաեւ արդարության վերականգնումը, երկրում խնդիրների լուծումը:

«Սկսած սոցիալական անարդարությունից եւ քաղաքական մոնոպոլիայից՝ մինչեւ առօրյա խնդիրներ, որոնց մարդիկ առնչվում են ամեն օր»,- ասաց երրիտասարդներից մեկը:

Հարցին՝ որ ոլորտում են փոփոխություններ սպասում, մեր քաղաքացիները նշում էին, որ բոլոր ոլորտներում առկա են խնդիրներ. «Բոլոր խնդիրնրը լուծելու համար առնվազն 10 տարի պետք է, իսկ դրա համար պետք են նորմալ ընտրություններ, նորմալ ընդդիմություն, նորմալ իշխանություն եւ հասարակություն»: