Լեւոն Տեր-Պետրոսյանը տեւական լռությունից հետո «սահմանադրական բանավեճ» է բացել, նախ հորդորելով մնալ սահմանադրական հանգուցալուծման շրջանակում, ապա մեղադրելով դաշնակներին ու ՀՀԿ-ին հակասահմանադրական քայլերի մեջ:
Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ԱԺ բոլոր պատգամավորներին և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` հորդորելով հրաժարական ներկայացրած պատգամավորներին` հետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով:
ՀՅԴ-ն, մանդատը թողած Աղվան Վարդանյանը եւ ՀՀԿ-ն, որի պատգամավորներից մեկը նույնպես հրաժարվել է մանդատից, պատասխանել են Տեր-Պետրոսյանին, որեւէ հակասություն չտեսնելով Սահմանադրության եւ այդ պատգամավորների խղճի ու համոզմունքների դրսեւորման մեջ, որը նույնպես ամրագրված է Սահմանադրությամբ:
Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը բացել այս թեման, դժվար է ասել: Չի բացառվում, որ նա այդպիսով արձագանքել է ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ռուսաստանի՝ ներհայկական քաղաքական խնդիրը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելու հայտարարություններին: Հնարավոր է Տեր-Պետրոսյանը դրանցում ինչ որ սպառնալիք է տեսել եւ մտահոգվում է նոր իշխանության օրինակարգության հարցով, որի մասին նշել է իր հայտարարություններից մեկում: Թեեւ, այդ հայտարաություններում կարմիր թելի պես անցնում էր ժողովրդի պահանջը:
Ամեն դեպքում, քիչ ինչ անհասկանալի է այս բանավեճն այն պարագայում, երբ հայ ժողովուրդը վերջապես «հանել է ոտքերը վերմակի տակից» ու արել է իր քայլը երկրում Սահմանադրական կարգ հաստատելու հաստատակամությամբ, եւ դրանից չի շեղվել ոչ մի միլիմետր, դրան հարկադրելով նաեւ Սահմանադրությունը մշտապես խախտած կուսակցություններին:
Հեղափոխության հաղթանակի այս փուլում ընդհանրապես տարօրինակ բաներ են կատարվում: Օրինակ, Անի Զախարյանը հայտարարել է, որ իր կուսակցությունը ընդդիմություն է լինելու նոր կառավարությանը: Հիշվում է՝ 2012-ի հետընտրական ժամանակաշրջանում Անի Զախարյանը հանրահավաք էր անցկացրել, որին մասնակցում էին ինքը եւ եւս երկու մարդ: Հանրահավաքի ավարտից հետո տարաձայնություններ էին առաջացել երթ անցկացնելու հարցում, ի վերջո որոշվել էր երթ չանցկացնել:
Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն դառնալու մասին է հայտարարել նաեւ ՍԻՄ կուսակցությունը, որի ղեկավարը խորհրդարանում է հայտնվել ՀՀԿ-ի ցուցակով: Որոշել է համագումար անել նաեւ մեկ այլ մարդ-կուսակցության ղեկավար՝ Գառնիկ Իսագուլյանը, եւ երեւի էլի ընդդիմություն հռչակվել:
Հայկական հեղափոխությունն աննախադեպ էր իր ծավալներով ու քաղաքակրթական հենքով, այն ստեղծել է նոր Հայաստանը: Դա բախում էր անցյալի ու ապագայի միջեւ, եւ ապագան հաղթեց: Անցյալում մնացածներն այդպես էլ չհասկացան, թե ինչ է կատարվում, եւ կառչել են հասկացություններից ու սխեմաներից, որոնց էությունը երբեւէ չեն էլ հասկացել:
Բայց ի՞նչ է պատահել Լեւոն Տեր-Պետրոսյանին. Բանն այն է, որ նրա ասածն ավելի անհասկանալի է, քան Շարմազանովի ասածը, ով հայտարարում է, թե իշխանությունը չեն հանձնելու: