«Ելք» դաշինքը կա, և դաշինքի ապագայի մասով այս պահին քննարկումներ չկան, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա անդրադարձավ հարցերին, որ դաշինքի անդամների մի մասը չմիացան Նիկոլ Փաշինյանի պայքարին: Մարուքյանն ասաց, որ իրենք այս գործընթացներում ունեցել են իրենց դերակատարությունը:
Հարցին, թե մեղքի զգացողություն չունե՞ն, որ չնայած Նիկոլ Փաշինյանի հորդորներին, չեն միացել նրան, Մարուքյանը պատասխանեց. «Ես որևէ մեղավորություն չեմ զգում, իմ գործընկերներն էլ չեն զգում, որովհետև յուրաքանչյուրն իր գաղափարներով է առաջնորդվում»:
Նա նշեց, որ իրենք պայմանավորվածությունները պահել են: Եթե դուք մտածում եք, որ այդ ամենն անելու արդյունքում միայնակ ենք թողել, խղճահարություն պետք չէ առաջացնել, ոչ մենք ենք խեղճ, ոչ էլ մեր գործընկերները: Փաշինյանն իմացել է, թե որ պահին ենք մենք լինելու նրա կողքին, և ինքը դա տեսել է: Տեղի է ունեցել մի բան, որ հազարավոր ու միլիոնավոր մարդիկ չէին պատկերացնում ու հավատում: Ես գիտեի, թե ինչ է անելու Փաշինյանը, բայց ես չգիտեի, թե ինչ է անելու իշխանությունը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա հավելեց, որ իրենց բոլորի ռեյտինգը այս փուլում բարձրացել է: Մարուքյանը նաև հորդորեց, որ
հեղափոխության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, նա էլ պետք է լինի վարչապետ: Այստեղ որևէ տարակարծություն չկա, ով նախաձեռնել է, հավատացել է դրան, հենց նա էլ պետք է ստանա հնարավարություն՝ փոփոխություններ իրականացնելու:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո Ելք-ը ընդդիմադիր դաշինք է մնում, թե՞ կդառնա իշխանական, Մարուքյանը պատասխանեց. «Մենք լինելու ենք Նիկոլ Փաշինյանի կառավարության թիկունքը խորհրդարանում, հետևաբար Ելք-ը դառնում է իշխանական դաշինք»:
Էդմոն Մարուքյանը նաև հորդորեց իր և Նիկոլ Փաշինյանի միջև տարաձայնություն չփնտրել: «Ես օր ու մեջ Փաշինյանին տեսնում եմ, մենք գրկախառնվում ենք: Եթե մենք իրար հետ հարց չունենք, դուք պետք է որ հարց չունենաք»,- նշեց նա: