Անշուշտ գնահատելի է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը կապված պատգամավորների հրաժարականների հետ: Իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի բոլորս առաջնորդվենք Սահմանադրությամբ` չխախտելով օրենքի տառը: Որպես Ազգային ժողովի նախագահ` մշտապես գործել եմ հենց այդ սկզբունքով, անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ինչ վերաբերվում է հրաժարական ներկայացրած պատգամավորներին, ապա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ խմբակցության որեւէ պատգամավորի նկատմամբ հրաժարական ներկայացնելու որեւէ պահանջ չի դրվել: Պատգամավոր Գրիգոր Ավալյանի հրաժարականն իր անձնական որոշումն է՝ իր համոզմունքներին համապատասխան, որի իրավունքը պատգամավորին վերապահված է Սահմանադրությամբ: Իհարկե, խոսել եմ նաեւ պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ: Հորդորել եմ չշտապել, օգտվել Սահմանադրությամբ վերապահված՝ հրաժարականը չհաստատելու իրավունքից, սակայն պարոն Վարդանյանը պնդել է, որ այդ որոշումն անձնական է՝ հիմնված սկզբունքների եւ համոզմունքների վրա: Այդ մասին վերջինս հանդես է եկել նաեւ հայտարարությամբ:
Սահմանադրության համաձայն՝ այժմ մեզ մնում է միայն սպասել, որից հետո արձանագրել փաստերը:
Հույս ունեմ, որ այսուհետ եւս կառաջնորդվենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: