Ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, քննելով այս միջնորդությունը, դատավոր Վարդան Գրիգորյանը վերադարձավ խորհրդակցությունների սենյակից և հայտարարեց, որ որոշվեց միջնորդությունը բավարարել:

“Դատարանը որոշեց՝ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը փոխել և դատական նիստերի դահլիճից Անդրիաս Ղուկասյանին անհապահ ազատ արձակել: Որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն՝ բնակավայրից չհեռանալու մասին",- հայտարարեց դատավորը:
Հիշեցնենք, որ Ղուկասյանը ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 30-ին՝ Սարի թաղի հայտի դեպքերի կապակցությամբ: Այնուհետև նա կալանավորվել էր և մոտ 1.5 տարի անազատության մեջ էր:
Ղուկասյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղի հայտնի դեպքերի ժամանակ զանգվածային անկարգությունների կոչ էր արել քաղաքացիներին, ցուցարարներն էլ քարերով հարվածել են ոստիկաններին: Դրա հետևանքով, ըստ մեղադրանքի, տուժել է մոտ 40 ոստիկան:
Բացի այդ, Անդրիաս Ղուկասյանին նաև մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ազատության հրապարակից երթով դեպի Սարի թաղ շարժվելով՝ նպատակ է ունեցել միանալ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին։
Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Անդրիաս Ղուկասյանը բազմիցս դատարանում հայտարարել էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Որոշման հրապարակումից հետո Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ եթե նույնիսկ չլիներ այս որոշումը, Հայաստանում փոխվել է իրավիճակ, փոխվել է մեր հանրությունը:
«Արդեն ունենք հանրությունը, որը երկրում պահանջում է սահմանադրական կարգ: Իսկ դա նշանակում է, որ արդարությունն անպայման պետք է վերականգնվի”,- նշեց նա: