Ազգային ժողովի հատուկ նիստում, որն այսօր՝ մայիսի 8-ին, գումարվել է իրավունքի ուժով, ընթանում է վարչապետի ընտրությունը. գրանցվել է 102 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստի սկզբում շնորհավորեց պատգամավորներին Շուշիի հաղթանակի 26-րդ տարեդարձի Երկրապահի օրվա առթիվ:

Նշենք, որ եթե առաջին փուլում (մայիսի 1-ին) ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեին բոլոր խմբակցությունները, ապա երկրորդ այդ իրավունքը վերապահված էր ԱԺ պատգամավորների 1/3-ին (35 ձայն): 41 ստորագրություններով վարչապետի միակ թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարել են, որ պաշտպանում են Փաշինյանի թեկնածությունը, իսկ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ կաջակցի, որ Փաշինյանն ստանա անհրաժեշտ ձայներ եւ Հայաստանը ունենա վարչապետ:

Եթե այս անգամ էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի եւ կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ՀՀԿ խմբակցությունը դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Նա ստացել էր 45 կողմ եւ 56 դեմ ձայներ:

Վարչապետ ընտրվելու դեպքում հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից եւ 17 նախարարներից։ Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։

Եթե նոր կառավարության ծրագիրը չհաստատվի ԱԺ-ում, ապա վարչապետը հրաժարական է տալիս եւ խորհրդարանը ձեռնամուխ է լինում վարչապետի ընտրությանը նույն ընթացակարգով: Եթե չի հաջողվում վարչապետ ընտրել, ապա խորհրդարանը ցրվում է: