Ժողովրդի թեկնածուն լինելը մեծ պատիվ է ու միաժամանակ՝ ծանր պարտավորություն։ Այդ մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում։

«Արդարեւ, դուք այս յոյժ պատասխանատու պաշտոնը ստանձնում եք Հայաստանի պատմության ներկա ճշտորոշիչ հանգրվանին։ Մենք հետեւել ենք Ձեր առաջնորդությամբ տեղի ունեցած ժողովրդային շարժմանը եւ հայրենիքում ընկերային արդարություն հաստատելու Ձեր խոստմանը։ Գնահատեցինք Ձեզ, երբ մեր ժողովուրդի զավակներին հեռու պահեցիք բռնարարքներից ու արյունահոսությունից, սիրո ու համախոհութեան ոգին դարձրիք մղիչ ուժը ժողովրդային շարժման»,- նշել է կաթողիկոսը։

«Մենք ակնկալում ենք, որ Ձեր տված խոստումները, բարոյական արժեքների ու մարդու իրավունքների ամուր պահպանմամբ, կյանքի կոչեք։ Ակնկալում ենք, որ հայրենի մեր ժողովրդի, Արցախի ու մեր ազգի գերագույն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներից վեր կդասեք, ինչպես նաեւ միասնական հայրենիքի ու ազգի սկզբունքին՝ Հայաստան-Սփյուռք համագործակցությանը նոր ծավալ ու որակ հաղորդելով՝ այն կդարձնեք Ձեր կյանքի ու գործունեության շարժիչ ուժը։ Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը, մշտապես մնալու ենք աջակից Ձեզ ու Ձեր գլխավորած կառավարությանը, ինչպես նաեւ գործնական մասնակիցը հայրենաշինության առաքելությանը»,- ասված է նամակում։