ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ, հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Ես ցանկանում եմ շնորհավորել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօրվա քվեարկության արդյունքների կապակցությամբ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան նշանակալից փոփոխություններ կառավարման համակարգում խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով:

Հայ ժողովուրդն արտահայտեց հստակ իր ցանկությունը ազատ, թափանցիկ ու արդար ժողովրդավարություն կառուցելու վերաբերյալ, եւ չափազանց կարեւոր է, որ Միացյալ Նահանգները կանգնեն Հայաստանի եւ նոր կառավարության կողքին: Ես իմ գործընկերների հետ կշարունակեմ աշխատանքը Կոնգրեսում՝ անցումային այս փուլում Հայաստանում մեր բարեկամներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ու մեր ազգերի միջեւ կապերն ամրապնդելու համար»:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: