Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, իր հետ շատ գործնական ու հարգալից հարաբերություններ ունեմ եւ իմ ներդրումը կունենամ, որ Կառավարությունը հաջողության հասնի: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, անիմաստ կլինեն այն հույսերը, որ ժողովուրդն ունի այս շարժման հետ: Այնպես որ ես հույս ունեմ, որ վաղն ավելի լավ է լինելու եւ Կառավարությունն իրեն արդարացնելու է»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի այն հանգամանքը, որ ինքը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է մի մարդու կողմից, որին հասարակությունը մերժեց, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Ես առաջադրվել եմ Հանրապետության երրորդ նախագահի կողմից, կարող է Նիկոլ Փաշինյանը, կամ Գագիկ Ծառուկյանը կամ ՀՅԴ-ն առաջարկեր ինձ, կմտածեի ես, գուցե եւ ընդունեի այդ առաջարկը: Կարեւոր չէ, թե ով է ինձ առաջադրել, ես պատրաստ եմ եւ ծառայում եմ իմ հայրենիքին: Եթե լավ ծառայեմ, ուրեմն լավ նախագահ եմ, հակառակ դեպքում լավ նախագահ չեմ լինի: Խնդիրն այն է, թե կարողանալո՞ւ ենք արդյոք մենք մեր երկիրը կդարձնենք այն երկիրը, որի մասին երազել ենք 26 տարի շարունակ»:

Հարցին, թե երբ է վերջին անգամ հանդիպել Սերժ Սարգսյանին եւ արդյոք վերջինս պատրաստվում էր լքել Հայաստանը, Արմեն Սարգսյանը նշեց, որ օրեր առաջ է հանդիպել նրա հետ, միասին թեյ են խմել, քննարկել ներքաղաքական իրավիճակը. «Իմ տպավորությամբ ինքը չէր պատրաստվում Հայաստանը լքել»:

Հարցին՝ արդյոք Հայաստանում ներգաղթ կլինի, Արմեն Սարգսյանը նշեց, որ դա ոչ թե ներգաղթ պետք է անվանել, այլ վերադարձ. «Դրանք տարբեր բաներ են, ցանկացած հայի հայրենիքն այստեղ է: Ես տեսնում եմ, որ վերադարձի ցանկությունը մարդկանց մոտ կա, ամեն ինչ մեզնից է կախված: Եթե մեկ ամիս, մեկ տարի անց դրական քայլերը լինեն, ապա կարծում եմ՝ վերադարձը կլինի»: