«Գրանդ Հոլդինգ»-ն այսօր` մայիսի 10-ին, հանդես է եկել հայտարարությամբ, պարզաբանելով, թե ինչու են պատգամավորի մանդատից հրաժարվել Գրիգոր Ավալյանը եւ Արմեն Բաբայանը:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը եւ Արմեն Բաբայանն այլեւս չեն լինելու պատգամավոր:

Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց եւ վայր դրեց պատգամավորի մանդատը:

Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլեւս չի լինելու:

Մենք երբեք որեւէ կուսակցության անդամագրված չենք եղել. մեր քաղաքականությունը մեր աշխատանքն է ու մեր պայքարը՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման: Մենք միշտ եղել ենք, կանք ու լինելու ենք ժողովրդի հետ: Մենք հպարտանում ենք մեր ժողովրդով, մեր երիտասարդներով:

Մենք ողջունում ենք մեր քաղաքական գործիչներին, որ դրսեւորեցին լրջագույն զսպվածություն, խոհեմություն եւ հայրենասիրություն: Ամբողջ հայությամբ ցնցեցինք աշխարհը մեր ժողովրդավարությամբ, մեր համախմբվածությամբ, մեր խաղաղասիրությամբ: Թո՛ղ այս օրերի ուրախությունը եւ ոգեշնչվածությունը երկար մնան մեր սրտերում: Փա՛ռք ազատ, արդար եւ հաղթական հայ ժողովրդին:

Միքայել եւ Կարեն Վարդանյաններ»: