Արմավիրի մարզում կարկտահարության հասցրած վնասի չափերը գնահատելու համար գյուղատնտեսության նխարարությունը մասնագետների խումբ է ուղարկել: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով, վնասները մեծ ծավալի չեն, բայց կան այգիներ, որոնք վնասվել են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե նախկինում ինչ է արվել կարկտահարության հետեւանքով վնասները գնահահատելուց հետո, ինչին նախարարը պատասխանեց, որ վնասի չափը պարզելուց հետո կառավարությունը սովորաբար հնարավորություն է ունեցել զիջելու հողի հարկը, ջրի վարձը, կամ սերմերի համար է փոխհատուցում տրվել:

Նախարարը նշեց, որ կարկտահարված հատվածը դուրս է հակակարկտային ներազդեցության դաշտից. «Այս պահին կարողանում ենք ընդամենը 15 տոկոսը ծածկել, երկու տարվա ընթացքում պետք է ծածկենք 70 տոկոսը»,- իր հերթին նշել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։

Փաշինյանն էլ արձագանքեց. «Մենք այդ թեմային կանդրադառնանք: Պետք է այնպես անել, որ աջակցություն լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որ մարդիկ զգան, որ իսկապես պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ այդ վիճակից իրենք դուրս գան: Այս խնդրին պետք է անդրադարձ կատարել կառավարության ծրագրի ընդունումից հետո»: