ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովելու վերաբերյալ: Կառավարության նիստին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ ներկայացրել են «ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման մասին ՀՀ որոշման նախագիծը» և առաջարկում են այն ընդունել:

«Պետք է նշել, որ Սերժ Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, ով օգտվում է այդ իրավունքից, որովհետև մենք պաշտոնաթող նախագահների համար նման երաշխիքներ այլևս չենք նախատեսել: Առաջարկում եմ Ձեր հանձնարարականը, որ հարցին անդրադարձ կատարվի մոտ ապագայում»,– ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց, որով «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող որոշակի շինություն՝ իր հողամասով, տրամադրվեց պաշտոնաթող երրորդ նախագահին: Ապրիլի 19-ի նիստում այդ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց որոշման համապատասխան կետերը ուժը կորցրած ճանաչել՝ առաջարկելով պաշտոնաթող երրորդ նախագահին տրամադրել բնակարան մյուս կառավարության կողմից, երբ ինքն այլևս չղեկավարի կառավարությունը:

«Խնդիրը կարծում եմ պարզ է, որ տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում և հետագա իրադարձությունների արդյունքում հիմա անհրաժեշտություն է առաջացել որոշման այդ հատվածը՝ կոնկրետ կառավարական առանձնատան սեփականաշնորհման մասին, չեղյալ հայտարարել ու գտնել այլ լուծում, որը կապահովի օրենքով նախատեսված երաշխիքը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարում եմ, որ մեկամսյա ժամկետում ներկայացվի առաջարկություն Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովման երաշխիքների տրամադրման վերաբերյալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: