ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել է զգույշ լինել Արցախի հարցի վերաբերյալ հայտարարություններում: Այդ հորդորի առիթը եղել է Փաշինյանի Ստեփանակերտում արած արտահայտությունը, որ Հայաստանը հակամարտության կողմ է:
Ըստ Շարմազանովի, արցախյան հակամարտության վերաբերյալ միջազգային որեւէ փաստաթղթում չկա արձանագրում, որ Հայաստանը հակամարտության կողմ է: ՀՀԿ խոսնակը հայտարարել է, թե Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցում է որպես Ացախի անվտանգության երաշխավոր, ոչ թե կողմ:
Եթե Հայաստանը բանակցում է ոչ թե կողմ, այլ անվտանգության երաշխավոր, ապա անվտանգության երաշխավորության ո՞ր տրամաբանությամբ է Սերժ Սարգսյանն ընդունել Կազանի պլանը, որի մասին հենց ինքն էլ խոստովանել է: Ըստ այդ պլանի, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը՝ որ ՀՀ նախագահն էր եւ ՀՀԿ նախագահն է, Հայաստանը համաձայնել էր Ադրբեջանին հանձնել տարածքներ, բայց առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման եւ ճանաչման:
Ո՞ր իրավունքով է հակամարտության ոչ կողմ Հայաստանի նախագահը տալիս համաձայնություն հակամարտության կողմ Արցախի փոխարեն, երբ իրավունքի ուժով այդ տարածքները Արցախի սահմանադրության ենթակա տարածքներ են:
Մյուս կողմից, եթե Հայաստանի արդեն նախկին իշխանությունը համարում է, որ Հայաստանը հակամարտության կողմ չէ, ապա, դա արդյոք նշանակում է, որ Հայաստանն օրինակ մեկընդմիշտ հրաժարվում է Արծվաշենից: Կամ, ինչպե՞ս է Հայաստանի արդեն նախկին իշխանությունը գնահատել եւ գնահատում Տավուշի սահմանամերձ դիրքերում հրադադարի խախտումները, ադրբեջանական ոտնձգությունները, խաղաղ բնակչության գերեվարումները, հրթիռակոծումները, արկակոծումները եւ այլն: Ինչպես է նույնը ու նաեւ այլ մարտահրավերներ գնահատվում Նախիջեւանի ուղղությամբ:
Եթե դրանք հայ-ադրբեջանական հակամարտության դրսեւորումներ չեն, ապա ի՞նչ են: Եվ եթե Հայաստանը կամա թե ակամա կողմ չէ, ապա ի՞նչ է:
Եվ արդյոք կողմ լինելն ինքնաբերաբար նշանակում է հարցը ինքնորոշման հարթությունից տեղափոխել տարածքային հարթություն: Եթե օրինակ Արցախը կողմ է, ապա դա նշանակում է, որ խնդիրը տարածքայի՞ն է: Թե՞ որ Հայաստանը չունի ինքնորոշման խնդիր, ուրեմն ինքնաբերաբար դառնում է տարածքային խնդիր ունեցող: Կամ, տարածքային խնդիր ունենալը պախարակելի՞ բան է: Եթե Ադրբեջանը հավակնություն ունի Հայաստանի տարածքի նկատմամբ, դա Հայաստանի տարածքային խնդիրը չէ՞:
Մասնակցելով բանակցությանը դե ֆակտո իբրեւ կողմ, դրանում քննարկելով կողմ-ություն ենթադրող հարցեր, հետո սեփական հանրության հետ զբաղվելով երեսպաշտությամբ: Որովհետեւ այդպես հնարավոր է գուցե սեփական հանրությանը խաբել, ոչ թե միջազգային ուժային կենտրոններին:
Ժամանակն է դուրս գալ այդ խաբեությունից, կոտրել Արցախի խնդրում «քաղաքական կարծրատիպերը» եւ զբաղվել իրերի իրական վիճակից բխող դիվանագիտությամբ: Այդ տեսանկյունից, կա հայ-ադրբեջանական հակամարտություն, Ադրբեջանն ուղիղ սպառնալիք է ստեղծել ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի համար՝ թե ինքնորոշման, թե տարածքային բաղադրիչների մասով, որովհետեւ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է Արցախի ինքնորոշման իրավունքը, այլ զբաղեցրել է թե Արցախի, թե Հայաստանի տարածքներ:
Ըստ այդմ Հայաստանը պետք է իրերը կոչի իր անունով եւ ձեռնամուխ լինի Արցախի խնդրում նոր քաղաքական հայեցակարգերի ու ռազմավարության մշակման, հաշվի առնելով ապրիլյան քառօրյայից հետո նոր իրողությունները, աշխարհքաղաքական նոր իրավիճակն ու Ադրբեջանի չնվազող ռազմատենչությունը:
Նոր իշխանությունը, առավել եւս հանրային բացառիկ լեգիտիմությամբ օժտված, այդ փոփոխությունն անելու մեծ պատեհություն ու հնարավորություն է: Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտ այցն ու հայտարարությունները դրա մեկնարկն էին: Միեւնույն ժամանակ, այդ մեկնարկի անհրաժեշտությունը կա հայաստանյան ամբողջ քաղաքական դաշտում, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերն ունեն Արցախի խնդրում մոտեցումների հայեցակարգային վերանայման անհրաժեշտություն, իսկ գուցե պարզապես ի վերջո ձեւավորման՝ նախորդ «մոտեցումների» ծուղակային բնույթից դուրս գալու համար: Այլապես երկու տասնամյակ շարունակ ստացվում է, որ հայկական կողմը գնացել է բանակցության՝ հենց սկզբից ճանաչելով բանակցային առարկայի առնվազն մի մասի հանդեպ Ադրբեջանի իրավունքը կամ այլ կերպ ասած, Ադրբեջանին տալով փաստարկային առավելություն:
Գուցե քննարկելի է, թե կարելի՞ էր անել այլ բան՝ տարիներ առաջ, ինչու՞ չի արվել, բայց ներկայում գուցե այդ պատճառները փորփրելու եւ մեղավորներ գտնելու, սլաքներ ուղղելու ժամանակը չէ: Այժմ պարզապես փոփոխության ժամանակն է եւ պատեհ հնարավորությունը: Ինչու չի արվել մինչեւ հիմա, խոշոր հաշվով պետք է թողնել մի կողմ եւ անել ամեն ինչ ներկայիս հնարավորությունը բաց չթողնելու համար: