Երեկ՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Մուրացանի փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակարանում հայտնաբերել են կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 28-ամյա Արփի Ա.-ի դին և տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com