«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին նիստն էր։ Նա կառավարության շենք եկավ ոտքով ու գլխավոր մուտքից, ինչը բացառիկ երևույթ էր վերջին 10 տարվա կտրվածքով։ Դրսում հավաքվածները նրան դիմավորեցին ծափերով, ապա հերթով նրան մոտեցան կառավարության բակում մշտապես ակցիա անող կանայք, որոնք անտեսված են եղել նախորդ վարչապետներից, և դիմեցին իրենց խնդիրներով։

Փաշինյանը լսեց բոլորին ու հանձնարարեց զբաղվել այդ հարցերով։ Իսկ նիստից հետո նա նորից իջավ գլխավոր մուտքով, պատասխանեց լրագրողների հարցերին, ապա դուրս եկավ ու «զեկուցեց» առավոտյան իրեն դիմած քաղաքացիներին, որ իրենց խնդիրներով արդեն զբաղվում են։

Կառավարության նիստը ևս նորաոճ էր՝ այն դռնբաց էր։ Այնքան դռնբաց, որ լուսանկարիչներից ու օպերատորներից բացի դահլիճ էին մտել նաև լրագրողներն ու հարցեր էին ուղղում պաշտոնյաներին։ Կառավարությունը դեռևս հին կազմով էր, և ակնհայտ էր, որ մի տեսակ անսովոր ու «մանթրաժ» վիճակում է»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: