Կրթության եւ գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ով մինչեւ նոր նախարարի նշանակվելը իրականացնում էր նախարարի պաշտոնակատարի լիազորությունները, պատրաստվում է հրաժարական տալ:

Նշենք, որ նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ պաշտոններ զբաղեցնող ՀՀԿ-ականների ճակատագիրը: Առաջարկվել է հրաժարվել զբաղեցրած պաշտոններից, հակառակ դեպքում կասեցնել ՀՀԿ անդամակցությունը:

Կրթության եւ գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախընտրում է հրաժարականի դիմումը եւ երկուշաբթի այն կներկայացնի նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին:

Հարցին`Արայիկ Հարությունյանը ծա՞նր ժառանգություն է ստացել, փոխնախարարը պատասխանեց. «Ես մեկ տարի եմ ընդամենը աշխատել այդ պաշտոնում, բայց լուրջ գործ է արված, չէի ասի ծանր ժառանգություն, բայց լուրջ առաջընթաց կա, կհանդիպեմ նորանշանակ նախարարին երկուշաբթի եւ պիտի հորդորեմ, որ սկսված նախաձեռնությունները ի չիք չդառնան եւ շարունակեն այդ գործունեությունը:

Ինչ վերաբերում է խորհրդի նիստի օրակարգին, Վահրամ Մկրտչյանն ասաց. «Մենք քննարկել ենք եւ որոշել, որ այն անձինք, որոնք քաղաքական եւ հայեցողական պաշտոններ են զաղեցնում եւ կստանան առաջարկներ ու կաշխատեն այս պաշտոններում, կուսակցությունը չի խոչընդոտի, բայց պետք է սառեցնեն անդամակցությունը»: