ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը դրական է վերաբերվում ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի օսիպյանի նշանակմանը:

«Օսիպյանի հետ շատ երկար աշխատել ենք, շատ պատրաստված տղա է, նորմալ սպա է եւ կաշխատի, ոչ մի պրոբլեմ չի լինելու: Ծառայությունները բոլորը գիտի, հարգանք ունի ոստիկանության համակարգում, ժողովրդի հետ աշխատելու փորձ ունի»,-ասաց Ներսիկ Նազարյանը:

Նրա խոսքով, ընտրվեց մարդ, որը երկար ժամանակ այդ շարժման մեջ է. «Նա աճել է այս ընթացքում՝ գնդի հրամանատար, ծառայության պետ, վարչության պետի տեղակալ: այնպես չի, որ որեւէ տեղից բերել նշանակել են: Փառք Աստծո, այսօր ժողովրդի համար էլ ընդունելի տարբերակ է, ոստիկանության աշխատակիցների համար էլ ընդունելի տարբերակ է: կոմպրոմիսը շատ կարեւոր է, ինչը կբերի գործի հաջողության»:

Ներսիկ Նազարյանը նշեց նաեւ, որ ինքը փոփոխություններ է ակնկալում ոստիկանական համակարգում. «Կլինեն արդեն դրական փոփոխություններ, քանի որ սա մի քանի հոգու ցանկություն չէր, մեր ժողովրդի ցանկությունն էր: Հիմա ժողովրդի տրամադրվածությունը ոստիկանների նկատմամբ շատ լավ է: Ոստիկաններն իրենց ծառայությունը կատարել են դրականորեն: Ես հույս ունեմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, լավ տրամադրվածությամբ ամեն ինչի կարելի է հասնել»:

Հիշեցնենք, որ ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից Ներսիկ նազարյանն ազատվել է 2013 թվականի գարնանը: Մամուլի տեղեկություններով նա ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ է կասկածվել. մեծ գումարներ է վերցրել մի խումբ անձանցից՝ գործի մեջ ներդնելու համար, սակայն ծրագրերը ձախողվել են: