Աշխատանքային առաջին օրը ցույց տվեց, որ շատ անելիք կա, որոնք պետք է լուծվեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ներկայացնելով իր առաջին աշխատանքային օրը, նշեց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Վստահ եմ, որ առաջիկա օրերին Կրթության եւ գիտության նախարարության գործունեության արդյունքները կտեսնեք: Հրատապ լուծման առանջնահերթություններից է Շիրակի պետական համալսարանի հարցը: Պետք է հասկանանք, թե այդ բարձիթողի վիճակը եւ անիրավությունը ոնց ենք շտկում:

Բացի այդ, առաջիկայում ավարտական եւ ընդունելության քննություններ են, որոնց պետք է անդրադառնանք»,-նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հանդիպել է ԿԳՆ փոխնախարարի, աշխատակազմի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի հետ, զեկուցվել են խնդիրներ ու առաջնահերթություններ նշվել, նաեւ ընթացիկ հարցերին են անդրադարձել: Նախարարը կարեւորեց ԵՄ աջակցությամբ գործող «Ռազմավարական պլանավորվման գրասենյակի» հետ համագործակցությունը. «Երիտասարդներ են՝ աշխատելու մեծ ցանկությամբ լցված, այդ առումով նրանց հետ համագործակցությունը եւ նրանց աշխատանքը շատ կարեւոր է լինելու առաջիկա ամիսներին»:

«Ունենալու ենք շատ լավ կրթական ոլորտ, դուխով»,-ընդհծեց նախարարը: