Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայ գործարարներին կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում։ Քիչ առաջ Փաշինյանը ժամանեց Սոչի: Անմիջապես օդանավակայանից Նիկոլ Փաշինյանն ուղեւորվեց Ադլերի Սբ. Սարգիս հայկական եկեղեցի. այստեղ Հայաստանի վարչապետին դիմավորեցին ՀԱԵ Ռուսաստանի հարավային Հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հայրերը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Սոչիից:

Կառավարության ղեկավարը կատարել է մոմավառություն եւ ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարերի մոտ:

Դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Բոլորիդ ողջունում եմ եղբայրական Ռուսաստանի Սոչի քաղաքում եւ ցանկանում ասել, որ հպարտ եմ ձեզնով: Ողջ քաղաքական մեր գործընթացի ընթացքում զգացել եմ ձեզնից յուրաքանչյուրի շունչը, աջակցությունը, եւ այս հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն է, սրանից հետո հայ ժողովուրդը լինելու է հաղթող, հայ ժողովուրդն ի վերջո վերադառնալու է իր հայրենիք:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար, բայց ուզում եմ նաեւ ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգեւոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է եւ նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Ես Ռուսաստանի հայ եւ ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան եւ անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետեւ հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, եւ որեւէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: Այսօր մեր երկրի, հայ ժողովրդի հեղինակությունը բարձր է ավելի քան երբեւէ, եւ ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք ու երջանիկ լինենք մեր հայրենիքում: Ամենակարեւորը, որ ուզում եմ ասել. իսկապես դուք այստեղ էիք, բայց իրականում Երեւանում էիք՝ Հանրապետության հրապարակում, ձեզնից շատերը նաեւ ֆիզիկապես, որովհետեւ ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, որոնց վերջին անգամ հանդիպել էի Երեւանի Հանրապետության հրապարակում:

Ուզում եմ ասել, որ երջանիկ եմ ձեր երջանիկ աչքերը տեսնելով, հպարտ եմ ձեր հպարտ աչքերը տեսնելով, ծառայում եմ ձեզնից յուրաքանչյուրին, եւ որեւէ մեկը չկասկածի, որ մեր պայքարն ամեն անգամ, ամեն օր, ամեն շաբաթ, ամեն տարի նոր հաղթանակներ է բերելու Հայաստանին, հայ ժողովրդին եւ Արցախին: Եվ ուրեմն հայ ժողովուրդը համախմբած է Հայաստանի Հանրապետության շուրջ, հայ ժողովուրդը համախմբված է հայրենիքի շուրջ եւ վճռական է, լի էներգիայով՝ շենացնելու, ծաղկեցնելու, հզորացնելու Հայաստանը եւ Արցախը: Եվ ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ խոնարվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ ձեզնից յուրաքանչյուրով, սիրում եմ ձեզնից յուրաքանչյուրին եւ համբուրում ձեզնից յուրաքանչյուրին:
Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ք դուք եւ ձեր երեխաները, որ շատ շուտով ապրելու եք ազատ եւ երջանիկ Հայաստանում: Չկա որեւէ կասկած, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, ավելի դաշնակցային եւ եղբայրական»:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար: Բայց ուզում եմ ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է: Մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգեւոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է, ու նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Ես Սոչիի հայերին ու գործարարներին, Ռուսաստանի հայ եւ ռուս, բոլոր գործարարներին կոչ եմ անում, որ գան Հայաստան եւ անեն ներդրումներ, ստեղծեն աշխատատեղեր»,- հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ունեցած ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ սա նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում երաշխավորված է լինելու, եւ որեւէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: «Սա մեր ժողովրդի եւ մեր պետության աստեղային ժամն է: Այսօր մեր պետության հեղինակությունը բարձր է, քան երբեւէ: Ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք եւ երջանիկ լինենք մեր հայրենիքում»,- նշեց Փաշինյանն ու հավելեց. «Ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, ում վերջին անգամ տեսել էի Երեւանի Հանրապետության հրապարակու: Հայ ժողովուրդը լի է էներգիայով՝ շենացնելու իր հայրենիքը՝ Հայաստանը եւ Արցախը»:

«Ուզում եմ ասել, որ ոչ ոք չկասկածի, որ այս պրոցեսը ամեն րոպե, ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի նոր հաղթանակներ է բերելու: Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեք դուք եւ ձեր երեխաները, որ շատ շուտով ապրելու եք ազատ եւ երջանիկ Հայաստանում: Եվ ուզում եմ ասել, որ չկա որեւէ կասկած, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, շատ ավելի դաշնակցային, շատ ավելի եղբայրական»,- ասաց է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ վաղվա հանդիպումները շատ արդյունավետ են լինելու:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

ԵՏՄ բարձրագույն նիստի շրջանակում Հայաստանի վարչապետը կմասնակցի ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի՝ նեղ եւ ընդլայնված կազմերով նիստերին: Նիկոլ Փաշինյանը նաեւ առանձնազրույցներ կունենա ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի, ինչպես նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: