Նիկոլ Փաշինյանը երեկ ժամանել է Սոչի, որտեղ տեղի է ունենալու Եվրասիական միության ղեկավարների վեհաժողովը: Նա առանձին հանդիպում է ունենալու նաեւ Պուտինի հետ:
Հանդիպման նախօրեին Պուտինը «նվեր» էր մատուցել Հայաստանին, տխրահռչակ Լեոնտեւի ներողության տեսքով: Լեոնտեւը ԿՊ-ի ռադիոյով երկու անգամ վիրավորական արտահայտություններ էր արել Հայաստանի հասցեին, մասնավորապես հայտարարելով, որ հայերը ոտքով-գլխով պարտական են Ռուսաստանին:
Ընդհանրապես, այս թեզը մոդայիկ է ռուսական քաղաքական-վերլուծական շրջանակներում, եւ հատկապես շատ է քարոզվում այն ժամանակաշրջաններում, երբ Հայաստանում տեղի են ունենում որոշ «անցանկալի» իրադարձություններ՝ քաղաքացիական շարժումներ, Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը եւ այլն:
Թավշյա հեղափոխությունը բացառություն չէր, եւ ռուսական անթիվ-անհամար հեռուստահաղորդումների ժամանակ հայտարարվում էր, որ հայերն առանց Ռուսաստանի կորած են, որ «փախչելու տեղ չունեն»:
Այս ֆոնին, Կրեմլը պահպանում էր լոյալություն չմիջամտելու խոստումով, միեւնույն ժամանակ պաշտոնական Մոսկվան այդպիսով փորձում էր պահել իր դեմքը եւ համակրանք ձեւավորել հայերի մոտ, որը վերացել էր ապրիլյան պատերազմից հետո:
Նիկոլ Փաշինյանը, ժամանակին խոսելով Ռուսաստանի հետ հարաբերության մասին, ասում էր, որ պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի հետ հարաբերություններում իր խնդիրներում, նկատի ունենալով այն, որ Մոսկվան իր քաղաքականությամբ վարկաբեկվում է Հայաստանում, եւ նրան պետք է բացատրել շատ բան՝ այդ վիճակից դուրս գալու համար:
Իհարկե դժվար է ենթադրել, թե Ռուսաստանում չէին հասկանում, թե ինչ են անում Հայաստանի հետ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն ու Պուտինը ներկայում իսկապես օգնության կարիք ունեն, նկատի առնելով թավշյա հեղափոխությունից հետո հայկական մոդելի ունիվերսալությունը մասնավորապես եվրասիական տարածությունում:
Իր երդմնակալության օրը Պուտինն անսպասելի հայտարարություն էր արել. «Մեզ ճեղքումներ են պետք կյանքի բոլոր ոլորտներում: Խորապես համոզված եմ, որ միայն ազատ հանրությունը կարող է այդպիսի թռիչք ապահովել, որն ընկալում է ամեն նորը եւ առաջավորը եւ մերժում է անարդարությունը, քարացածությունը, հետադիմությունը եւ բյուրոկրատական մեռյալությունը՝ այն ամենը, ինչ շղթայում է մարդկանց, խանգարում լիարժեք բացվելուն»:
Համահո՞ւնչ է հայկական շարժման գաղափարներին: Սա շատերը գնահատեցին որպես հայկական իրադարձությունների ուղիղ ազդեցություն, եւ դա հեռու չէ ճշմարտությունից: Հնարավոր է՝ Պուտինը պարզապես ռուսական հասարակության աճող դժգոհությունը «հանգստացնելու» համար է սա ասում, միեւնույն ժամանակ՝ չի բացառվում, որ դա լինի անկեղծ հայտարարություն:
Բանն այն է, որ ամերիկյան թիրախային պատժամիջոցները Պուտինի մերձավորների ու օլիգարխների դեմ վերացրել են ռուսական «էլիտաների պայմանագիրը», որով պահպանվում էր ներհամակարգային հավասարակշռությունը: Ներկայում այդ պայմանագիրը չկա, իսկ նորը կարող է լինել միայն հանրության հետ: Սա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:
Նիկոլ Փաշինյանը կարող է կիսվել սոցիալական համերաշխության հասնելու հայկական փորձով, որը հնարավոր է Ռուսաստանի շանսն է դուրս գալու ներկայիս իրավիճակից:
Շատերն էին Հայաստանում հարց տալիս, թե որն է լինելու Կրեմլի լոյալության «գինը» Հայաստանի համար, այս անգամ ինչ է զիջվելու: Մտահոգությունը տեղին է, առավել եւս հաշվի առնելով նախորդ տասնամյակների փորձը եւ ռուսական վերը նշված արձագանքները թավշյա հեղափոխության ժամանակ:
Հայաստանը չունի վճարելու բան, եւ պարտական էլ չէ Ռուսաստանին: Ավելի ճիշտ, պարտականությունները լինում են փոխադարձ, հայերը լիուլի վճարել են: Եվ եթե հայ-ռուսական «բանավեճը» շարունակվի պարտականության կտրվածքով, հայերը կարող են շատ բան հիշեցնել, ընդհուպ 9-րդ դարից:
Փոխարենը, ներկայում Ռուսաստանին կարելի է հիշեցնել Ղարաբաղը, Նախիջեւանը, 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը: Ռուսաստանը շատ պարտքեր ունի վերադարձնելու: