Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը քննարկման ենթակա չէ. այս հարցով կա կոնսենսուս եւ ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել եւ կարծում եմ՝ չի դնի այդ հարաբերությունների կարեւորությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում։

Նա նշել է, որ Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդել երկու երկրների համագործակցությանը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում՝ շեշտելով նաեւ համագործակցության կարեւորությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաեւ այլ ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում։

Փաշինյանը բարձր է գնահատել Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի ժամանակ՝ ընդգծելով, որ այն շատ «կառուցողական» դիրքորոշում էր։ Նա եւս մեկ անգամ շնորհավորել է Պուտինին անցած տոների առիթով, նշելով, որ շատ տպավորված է ռազմական արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի առաջընթացով, որը կարելի էր տեսնել մայիսի 9-ին Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ։