Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին եւ Մհեր Գրիգորյանին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կառավարության ղեկավարը շնորհավորել է փոխվարչապետներին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: «Մենք կարեւոր աշխատանք ունենք անելու եւ պետք է արդարացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայ ժողովրդի հույսերը, որովհետեւ չպետք է մոռանանք, որ այստեղ ենք՝ ժողովրդի որոշմամբ եւ այստեղից պետք է հեռանանք կրկին նրա որոշմամբ: Սրանք են մեր գործունեության մեկնարկի եւ ավարտի մասին պատկերացումները եւ այս միջակայքում պետք է ծառայենք ՀՀ քաղաքացիներին ու հայ ժողովրդին:

Կառավարության գործունեությունը լինելու է հետեւյալ տրամաբանությամբ. պետք է արդյունավետ քայլեր իրականացնենք եւ եթե որեւէ քայլի ճշմարտացիության հարցում համոզված ենք, հաշվի առնելով առկա փաստարկները, ապա պետք է դրանք կիսենք հանրության հետ եւ նրան կարողանանք համոզել նույնկերպ, ինչպես ինքներս ենք համոզվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա պետք է լինի կառավարության գործելակերպը, ինչը բխում է ժողովրդավարության կանոններից:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ քաղաքացին պետք է զգա, որ ինքն է որոշումների կայացման ամենակարեւոր աղբյուրը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գործադիրը չպետք է գնա պոպուլիստական ճանապարհով, իսկ բոլոր գործողություններն իրականացնելիս պետք է ունենա քաղաքացիների մանդատը: «Նրանք պետք է համոզված լինեն, որ մենք անում ենք առավել արդյունավետ քայլեր: Այս գործընթացի կազմակերպման ամենակարեւոր դերակատարները փոխվարչապետներն են, եւ ես հաջողություն եմ մաղթում ձեզ գործունեության մեջ: Պետք է առավելագույնն անենք, որպեսզի Հայաստանի եւ սփյուռքի լավագույն ներուժը համախմբենք մեր կառավարության շուրջ: Գնահատման չափանիշը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը եւ նվիրվածությունն աշխատանքին: Կարծում եմ, որ կառաջնորդվենք հետեւյալ սկզբունքով. նրանք, ովքեր կհամապատասխանեն այդ չափանիշներին, կշարունակեն աշխատել: Ցանկացած ոք, ով ցույց կտա իր աշխատանքի արդյունավետությունը եւ կցանկանա աշխատել, իհարկե, շնորհակալ կլինենք, որպեսզի շարունակի իր ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նաեւ նախկին փոխվարչապետներին կատարած աշխատանքի համար:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին վստահության համար եւ ընդգծել, որ կիսում է վարչապետի ներկայացրած մոտեցումները, սկզբունքները՝ կապված իշխանության աղբյուրի՝ քաղաքացիների, անընդհատ նրանց հաշվետու լինելու հետ: «Կարծում եմ՝ առաջադրանքը բավականին հստակ է, եւ ներկաներն ու հանրությունը հստակ գիտակցում են, որ ապրում ենք նոր Հայաստանում, որ քաշվել է հստակ գիծ: Բոլորս գիտենք ինչից է պետք ազատվել, եւ մենք շատ հաստատուն ու վճռական քայլերով գնալու ենք այդ ուղղությամբ»,- նշել է Արարատ Միրզոյանը: Առաջին փոխվարչապետը հույս է հայտնել, որ պետական ապարատի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ կառավարության աշխատակազմը, հստակ գիտակցում է իր առջեւ դրված խնդիրը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ նոր կառավարության հիմնական գործունեության արդյունքները լինելու են իրական փոփոխությունները, որոնք սպասված են: «Կարծում եմ՝ այն փոփոխությունները, որոնք իրականացնելու է այս կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության համար լինելու է աննախադեպ: Ակնկալում եմ, որ կարճ ժամանակահատվածում կառավարման համակարգում ունենալու ենք տրամաբանության լրջագույն փոփոխություն»,- ասել է Տիգրան Ավինյանը՝ վստահություն հայտնելով, որ կառավարությունն արձանագրելու է լուրջ արդյունքներ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է միասնական աշխատանքն ու կարեւորագույն ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման: